Մարտի 16-ին վարչապետ Ն. Փաշինյանն այցելել էր Արարատի մարզի գյուղեր, այցի մասին նախապես չէր հայտարարվել, կարելի է ասել, այն անսպասելի էր, ուստի պետք է կարծել, որ իրականացվում էր կառավարման համակարգի ստուգատես: Ի՞նչ սկզբունքով է ընտրվել Արարատի մարզը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին հրապարակախոս Նարինե Դիլբարյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և քաղաքագետ Հայկ Սուքիասյանը:
Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ անակնկալության գործոնը բացատրվում է նրանով, որ վարչապետը փորձում է ստուգել, թե իր վստահությունը շահած անձինք իրականում ինչպես են աշխատում: Հրապարակախոսի դիտարկմամբ՝ վարչապետի այցը նաև պայմանավորված էր նրանով, որ նա փորձում է հասկանալ, թե գյուղացուն ինչը կամ ովքեր են խանգարում աշխատել:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ վարչապետը որոշել է կյանքը, իրականությունը տեսնել այնպես, ինչպես կա՝ առանց ինֆորմացիայի խմբագրման, իսկ Արարատի մարզը հավանաբար հատուկ չի ընտրվել. «Գարուն է, գյուղատնտեսական հիմնական խնդիրները Արարատյան դաշտավայրում են. ինչ աշուն է մեզ սպասվում, այդ մասին գարնանն է պետք մտածել, և վարչապետն այդ ուղղությամբ քայլ է արել»:
Հայկ Սուքիասյանի դիտարկմամբ՝ բդեշխությունները սովորաբար մեզ մոտ պահպանվում են, այդ առումով Արարատի մարզը հատուկ չի ընտրվել. «Վարչապետի այցն այնտեղ չի իրականացվել որպես խնդրահարույց մարզ, հակառակը, ես կարծում եմ, որ հետհեղափոխական շրջանում ում վրա ավելի շատ են գրոհում, և ում ավելի շատ են քննադատում, պարզվում է, որ նա ավելի լավ է աշխատում… Հավանաբար վարչապետը ուզում է վերադառնալ դեպի ժողովուրդը»:
«Երրորդ հանրապետության գարշահոտությունը դեռևս պահպանվում է, մարդիկ ավանդույթի ուժով սկսել են իրենց բարեկամներին աշխատանքի տեղավորել, բայց եթե այդ ավանդույթը շարունակվի, կտապալվեն,- ընդգծեց Հ. Սուքիասյանը:- Այս հասարակությունը ցանկացած իշխանության կարող է տապալել, եթե այս ավանդույթը շարունակվի»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































