«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։
– Պարոն Բադասյան, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Հայաստանը նոր մոտեցումներով, նոր տրամադրությամբ փորձում է զարկ տալ բանակցային գործընթացին, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն էլ հայտարարել է, որ եկել է հնացած սկզբունքներից հրաժարվելու ժամանակը, և բանակցություններին Արցախի չմասնակցելու պայմաններում առաջընթաց ակնկալել հնարավոր չէ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները, ի՞նչ հնարավորություն եք տեսնում Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու։
– Ես էլ եմ միշտ ասել, որ նոր մոտեցում է պետք, և Մադրիդյան սկզբունքները ժխտել է պետք։ Նախկին իշխանությունների վարած քաղաքականությունը բերել է Հայաստանի կողմից Մադրիդյան սկզբունքների ընդունմանը, իսկ Մադրիդյան սկզբունքները իրենցից ներկայացնում են ինքնահանձնում Ադրբեջանին, այսինքն՝ հայկական տարածքների հանձնում Ադրբեջանին։ Եվ սրանով Հարավային Կովկասում սկիզբ է դրվում Օսմանյան կայսրության նման մի վտանգավոր պետության ստեղծման։ Սա վտանգավոր է ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի համար, այլ նաև տարածաշրջանի բնիկ ժողովուրդների համար, մասնավորապես՝ թալիշների, լեզգիների, իրանցիների և մյուս ժողովուրդների համար։ Եվ ընդհանրապես ունենալ արյունարբու հավաքածուի զույգ պետություն՝ թուրքական և ադրբեջանական, սա աշխարհի համար անթույլատրելի է, և աշխարհը սա չի ընդունի։
Սա բոլորը գիտակցում են՝ բացի հայ, այսպես կոչված, վայ գործիչներից, որոնք տեսնում են միմիայն զիջելու, հանձնվելու տարբերակ։ Եվ հիմա շատ ուրախ եմ, որ շատերն են ինձ հետ համակարծիք, որ նոր մոտեցումներ են պետք։ Եվ մեր՝ որպես հաղթող կողմի ձեռքում են գտնվում մեր անկախությունն ու ազատությունը՝ որպես ինքնորոշման դրսևորում։ Մենք ազատ ենք Ադրբեջանից։ Մեջբերում եմ Արա Պապյանի խոսքերը, որ հարյուր տարի առաջ օկուպանտ է մտել այս տարածքը՝ հանձին կարմիր բանակի, և օկուպանտը այս տարածաշրջանը բաժանել է վարչական տարածքների։ Եվ, ցավոք սրտի, իր նկրտումների համար նոր տարածք է ձևավորել և նորությունն աշխարհին անվանել Ադրբեջան, որի կազմի մեջ օկուպանտը մտցրել է բնիկ ժողովուրդների նույնպես՝ լեզգիներին, թալիշներին, հայերին և այլն։ Եվ հարյուր տարի հետո էլ օկուպանտը հեռացել է այստեղից, և մենք, որ միշտ եղել ենք կիսանկախ վիճակում կամ Ռուսաստանի կազմի մեջ, կամ Պարսկաստանի տիրապետության տակ, պետք է միջազգային հանրության առջև շարունակենք այն տրամաբանությունը, որ որպես վարչական միավոր՝ 88-ին մենք ունեցել ենք ինքնորոշման իրավունք և դրսևորել ենք այն, որին իբրև պատասխան գլխավոր օկուպանտը մեզ արյուն և մահ է տվել, հիշենք՝ Սումգայիթը, Բաքվի ջարդերը և 91-ին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Հայաստանի և Արցախի վրա։ Եղավ պատերազմ, որի արդյունքում ձևավորվեցին այս սահմանները, և սա չի կարելի անվանել գրավում, սա պարզապես պատերազմի արդյունք է, իսկ եթե պատերազմը եղել է, և նոր սահմաններ են գծվել, Ադրբեջանը հիմա ասում է՝ եկեք վերադառնանք հին մեթոդին և նորից ձեզ ինքնավարություն տամ, բայց չէ՞ որ այդ ինքնավարությունը եղել է, և դա բավարար չէր, որ մենք լինեինք անկախ և ազատ։ Եվ նորից վերադարձ Ադրբեջանի կազմի՞ն։
Պետք է ոչ թե նոր մոտեցում, այլ քաղաքական կոնկրետ գնահատական։ Մեր ժողովուրդը մեկ տարի առաջ՝ 2018-ին, թավշյա հեղափոխություն իրականացրեց, պատճառը կուտակված հարցերն էին, այդ թվում՝ նաև Արցախի հարցը, որ այնպես, ինչպես Արցախի հարցն էին ղեկավարում մեր իշխանությունները, նույն կերպ սխալ և դավաճանական ձևով ղեկավարում էին նաև ներքին հարցերում։ Այսօր Արցախի հարցը մեր բոլոր հարցերի անկյունաքարն է։ Մենք ստորագրել ենք խայտառակ փաստաթուղթ՝ Մադրիդյան փաստաթուղթը, որին ժողովուրդը ուշադրություն չէր դարձնում, քանի որ չէր հավատում, որ դա հնարավոր է տեղի ունենա, բայց ամբողջովին գաղտնազերծելուց հետո կարդացողը ապշում է, թե որքան կարող է Հայաստանի դիվանագիտական կորպուսը կույր լինել, որ ստորագրի նման փաստաթղթի տակ։ Եվ դրա համար եմ ես ամեն անգամ ասում՝ քաղաքական գնահատական պետք է տալ։ Հայաստանի նոր կառավարությունը պարտավոր է նոր քաղաքական գնահատական տալ, բայց, ցավոք սրտի, քաղաքական գնահատական չի տալիս և չի ժխտում։ Եվ եթե այդպես անի, համանախագահ երկրները մեզ շատ լավ կհասկանան, բայց եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ շարունակելու է քաղաքականությունը, շատ ներողություն, սա այդ վատ քաղաքականության շարունակությունն է, նշանակում է, որ հեղափոխությունը դեռևս չի հաղթանակել։
– Բայց չէ՞ որ հենց այդ նոր մոտեցումների մասին են խոսում, ավելին՝ հստակ շեշտադրում են Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելը։
– Նոր մոտեցումը պետք է հեղաշրջորեն լինի և ոչ թե պարզապես մոտեցում, որ պետք է հնի վրա կառուցել։ Նոր մոտեցում չի կարելի ասել, պետք է ասել՝ արմատական փոփոխություն։ Եթե ուզում են դիվանագիտական լեզվով ասել, պետք է հստակորեն ասվի, որ շեշտակիորեն փոխել է պետք։ Նիկոլ Փաշինյանն ունի ժողովրդի վստահության քվեն, բացի դրանից՝ ունի նաև մի մեծ բազա, այն է՝ հայ ժողովուրդը գենետիկորեն պայքարող և կռվող ժողովուրդ է, և մենք պատրաստակամ ենք դիմագրավելու Ադրբեջանի ցանկացած ագրեսիային և պատերազմը ընդունելու և տանելու այն մինչև Ադրբեջանի տարածքի խորքը։ Եվ Ադրբեջանի ժողովուրդներին ազատագրության ձեռք մեկնելը ոչ թե մեր իրավունքն է, այլ մեր պարտականությունը, որովհետև մենք Ադրբեջանի փոսից դուրս ենք եկել, պարտավոր ենք և իրավունք ունենք ձեռք մեկնելու փոսի մեջ գտնվող ժողովուրդներին։ Սրանով Ադրբեջանը ոչ միայն կթուլանա, այլև կվերանա քարտեզի երեսից՝ որպես երկրորդ թուրքական պետություն։
– Այսինքն՝ բավարար չե՞ք գնահատում Հայաստանի իշխանությունների քայլերը խնդրի կարգավորման հարցում։
– Ո՛չ, բավարար չեմ գնահատում։ Դեկլարատիվ հայտարարությունները բավարար չեն, կոնկրետ քայլեր են պետք։ Պետք է համանախագահներին Հայաստան հրավիրել և նրանց առջև դնել կոնկրետ հարց՝ բերվի մոնիտորինգ արվի տարածքներում, ցուցադրվի, թե ինչպես է Ադրբեջանի հրետանին կրակում մեր խաղաղապահ ժողովրդի վրա, բերվի մոնիտորինգ իրականացվի, որպեսզի իրենք պատկերացում կազմեն՝ ինչպես են 2016-ի ապրիլին, երբ Թալիշ մտան, որ հային հանդիպել՝ խոշտանգել են դիրքերում, թե իրենց տանը։ Իսկ մեր կողմը ոչ մի խոշտանգում, ոչ մի հետք։ Եվ կան փաստաթղթեր, վավերագրություն. պարզապես պետք է անընդհատ աշխատել։ Չէ՞ որ Մադրիդյան սկզբունքների հիմքում ընկած են խաղաղությունը և փոխվստահությունը։ Ադրբեջանցին գիտի, որ մենք չենք կրակելու իր վրա, ինքը դրանում վստահ է, իսկ ինչպե՞ս մենք վստահ լինենք, որ ինքը չի կրակելու։
Ոչ մի դեպքում որևէ մեկը անգամ թող չերազի, որ կարող է ինչ-որ բան զիջել։ Հող զիջել, նշանակում է՝ սկզբունքները զիջել, նշանակում է՝ անկախությունդ և ազատությունդ ես զիջում, ինչը ամենաարժեքավորն է մարդկության համար, և եթե դու զիջում ես դա, արդեն ամեն ինչ ես զիջում, ապրում ես որպես ստրուկ, և քեզ արդեն հնարավորություն ունեն մորթելու։ Աշխարհում գոյություն ունի մեկ ցեղ արյունարբու՝ դա թուրքն է, և մեզ է հարևան ընկել, մենք ենք կանգնած նրա ճանապարհին, և մեր հիմնական ու միակ երաշխավորը ոչ ոք չէ, միայն հայ զինվորն է՝ իր զենքով, և երբ հայ զինվորը զենք է վերցրել, կարողացել է երաշխավորված պաշտպանել իր ազգին ցեղախմբից. սա մենք պետք է ասենք համանախագահներին։ Իսկ եթե որևէ մեկը դա չի կարողանում ասել, դիվանագիտական կորպուսը չի կարողանում ասել, ես և ինձ նման մարդիկ գանք և ասենք, որ մեր սեփական կաշվի վրա զգացել ենք այս ամենը։ Եթե չեն կարողանում, թող զիջեն տեղները, դա պաշտոն չէ, դա պարտականություն է, որ մենք պետք է մեր ժողովրդի առաջ կատարենք. մենք հիմա ներքին խնդիր ունենք, ոչ թե արտաքին։










































