«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
– Պարոն Հայրիկյան, Դուք Սահմանադրության այլընտրանքային նախագիծ ունեք և այն քննարկում եք քաղաքական տարբեր ուժերի հետ։ Ի՞նչ զարգացումներ կան այդ հարցում։
– Բոլորն այժմ ծանոթանում են, մեծ մասը հիացած են։ Նրանք, ովքեր քաղաքական ուժ չեն, անհատներ են, թող ներող լինեն, բայց իրենց բանի տեղ դնել չեմ ուզում։ Եթե մարդը դարձել է 60 տարեկան և 3 հոգու չի գտել, ում հետ կարող է գաղափարակից դառնալ, ուրեմն նա համատեղ աշխատանքի պատրաստ չէ, կորպորատիվ մարդ չէ։
Իսկ կուսակցությունները ընդհանուր առմամբ ոչ միայն ըմբռնումով մոտեցան, այլև մեծ խանդավառությամբ, և ժամանակ են խնդրել ծանոթանալու համար։ Ես նրանց հետևից չեմ ընկնում այս փուլում, որովհետև շատ կարևոր է իշխանությունների հասունացումը։
Իշխանությունների հետ էլ շփվում ենք, օրհներգի հարցում բավականին լուրջ առաջընթացի հասանք, բայց առայժմ չեմ ուզում բարձրաձայնել։
– Իսկ Սահմանադրության հետ կապված Ձեր առաջարկությունները պատրա՞ստ են ուսումնասիրել։
– Ո՛չ, ներկայացրել ենք իշխանության տարբեր ճյուղերի, տարբեր ներկայացուցիչների, ասում են՝ կծանոթանանք։ Մեկին ծանոթանալու համար երեք օր է պետք, մյուսին՝ երեք շաբաթ։ Չեմ ուզում ճնշում գործադրել։
– Իսկ Ձեր հետագա գործողություններն ինչպե՞ս եք պատկերացնում։ Ենթադրենք, ունենաք համախոհ 5 կամ 15 կուսակցություն։
– Մտածելու բան չկա, ձևը հայտնի է։ Պետք է ստորագրահավաք արվի, եթե վարչապետին չհաջողվի համոզել, որ ժողովրդավարության ճանապարհը սա է։ Հիմա լուրջ խնդիրներ առաջացան։ Միանգամից ասեմ հետևյալը. Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն է, որ Արցախի ներկայացուցիչները պետք է մեզ ձայն տված լինեին, որ մենք Արցախը ներկայացնեինք բանակցությունների սեղանին։ Սա ոչ միայն տրամաբանական է, այլև ժողովրդավարական հիմնական սկզբունքներից է բխում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն հայտարարությունը, որ ձևաչափը փոխել չի կարելի, ըստ էության ուղղված է ժողովրդավարության դեմ։ Ես տարբեր ճանապարհներով փորձում եմ բացատրել, և բարեբախտաբար լսում են։
Մինչև վերջ չբացելով փակագծերը՝ ասեմ, որ երկու լուծում կա։ Այդ ուղղությամբ պետք են տարբեր լուրջ քայլեր, և դրա հիմքում դարձյալ Սահմանադրությունն է։ Առաջին՝ Սահմանադրությունը պետք է արագ փոխվի, ու նոր Սահմանադրությամբ Արցախին իրավունք է տրվում մասնակցելու Հայաստանի ընտրություններին. այդ դեպքում ձևաչափը չի փոխվում։ Կա մեկ այլ՝ շատ ավելի հետաքրքիր տարբերակ, որի մասին առայժմ չեմ խոսի։ Բայց մի բան հստակ է, որ և՛ մեր կյանքի, և՛ մեր արտաքին հարաբերությունների համար առաջնայինը Սահմանադրությունը կարգի հրավիրելն է։
– Այսինքն՝ Դուք առաջարկում եք Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու փոխարեն արցախցիներին ընտրության հնարավորություն տալ։
– Նրանք ասում են՝ ձևաչափը փոխել պետք չէ, Նիկոլն էլ ասում է՝ ձևաչափը չեմ փոխում, բայց ես պետք է ընտրված լինեմ նաև Արցախից։ Այսինքն՝ պետք է նոր ընտրություններ անցկացվեն, Նիկոլը կամ որևէ մեկն ընտրված լինի նաև Արցախից։
Միջվարչատարածքային ճանապարհով դա կարող է իրականացվել, մյուսն ավելի հետաքրքիր բան է. առաջիկայում այդ մասին կխոսեմ։
– Բայց այդ պրոցեսը ժամանակատար չի՞ լինի։
– Ո՛չ, ամենաշատը երեք ամիս։
– Այսինքն՝ արտահերթ ընտրություններ կանցկացվեն։
-Ոչ միայն արտահերթ ընտրություններ։ Սահմանադրությունը կփոխվի, որին բնականաբար կհետևեն արտահերթ ընտրություններ։ Ի վերջո, մենք ընտրության գնացել ենք Սերժ Սարգսյանի այն վատ օրենքով, որի մասին Նիկոլենք են ասել, որ վատն է։
Իրենք են այդ մասին խոսել, իրենք ասում էին՝ վատ օրենքով լավ խորհրդարան ընտրվել չի կարող, հետո ասացին՝ կարող է։ Լավ, հո սրիկա չե՞ք։ Մենք հավատում ենք, որ լավ մարդ եք, որ ձեր խոսքը գործ է։
– Իսկ անընդհատ ընտրական ցիկլի մեջ գտնվելը վտանգավոր չէ՞։
– Դա կնշանակի անընդհատ գտնվել ժողովրդավարության մեջ։
– Այսինքն՝ ցնցումների չի՞ տանի։
– Ժողովրդավարություն նշանակում է ժողովրդի մասնակցություն. եթե ժողովրդավարությունը լավ բան է, ուրեմն ինչքան շատ լինի այդ լավ բանը, այնքան լավ։









































