Մայքլ Ջեքսոնի դստերը՝ 20-ամյա Պերիսին, ԱՄՆ-ում հոսպիտալացրել են ինքնասպանության փորձից հետո: Այս մասին հայտնում են TMZ և The Blast տաբլոիդները՝ վկայակոչելով անհայտ աղբյուրները: Նրանց տեղեկություններով՝ դա տեղի է ունեցել շաբաթ օրը՝ մարտի 16-ի առավոտյան: Աղջկան Լոս Անջելեսի իր տանը գտել է նրա երիտասարդ տղամարդը՝ Գաբրիել Գլենը: Ինչպես ենթադրում է The Blast-ի զրուցակիցը՝ հենց նա է կանչել բժիշկներին: Պերիսին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, այնտեղ նրա վիճակը «կայունացրել են»՝ նշել է աղբյուրը:
TMZ-ի զրուցակիցը դրա հետ մեկտեղ հաստատում է, որ Պերիս Ջեքսոնին արդեն դուրս են գրել հիվանդանոցից, և նա գտնվում է բժիշկների թիմի խիստ հսկողության ներքո: Բժիշկների տեղեկատվությամբ՝ նա «շատ արյուն է կորցրել», սակայն շնորհիվ իրենց արագ արձագանքի՝ փրկվել է՝ նշում են աղբյուրները:
Paris Jackson Hospitalized After Attempted Suicide https://t.co/UIhQ5WnI7Q
— TMZ (@TMZ) March 16, 2019
TMZ-ն աղջկա ինքնասպանության փորձը կապում է «Լքելով Նևերլենդը» ֆիլմի նկատմամբ հասարակության արձագանքի հետ, որում երկու տղամարդ մեղադրում էին Մայքլ Ջեքսոնին սեքսուալ բռնության մեջ: Պերիսն այդ կոնֆլիկտում աջակցում էր հորը:
The Blast-ի զրուցակիցները նշում են, որ հունվարին ֆիլմի դուրս գալուց հետո և դրան հաջորդած ժամանակաշրջանում հասարակության արձագանքը շատ ծանր են տարել Ջեքսոնի բոլոր երեխաները, սակայն արդյո՞ք դա էր Պերիսի հետ կապված դեպքի պատճառը՝ հայտնի չէ:
Դրա հետ մեկտեղ, աղջկա հոսպիտալացման մասին հաղորդագրություններից մի քանի րոպե անց Պերիսի Twitter-ի պաշտոնական էջում հայտնվել է հաղորդագրություն, որում TMZ-ի լրագրողներին անվանել են ստախոսներ: Թե հատկապես ինչ է հերքում Պերիսը՝ չի պարզաբանվում:










































