Ստեփանակերտում տեղի ունեցած ԱԽ նիստը ինքնին կարևոր ու աննախադեպ իրադարձություն էր՝ հատկապես քաղաքական հայտարարությունների ու ազդակների տեսանկյունից:
Դրա բովանդակության ու առաջադրած խնդիրների մասին արդեն շատ է խոսվել: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք քննարկման առարկա դարձնել ոչ թե նիստի բովանդակային տեսանկյունը, այլ, առհասարակ, Ազգային անվտանգության խորհրդի կազմն ու դրա հետ առնչվող խնդիրները:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտում տեղի ունեցած ԱԽ նիստը ուղեկցվեց չափազանց անախորժ միջադեպով, որը այլ հրատապ հիմնախնդիրների համատեքստում մի փոքր աննկատ մնաց: Բանն այն է, որ նախագահականից հայտարարություն էին տարածել այն մասին, որ ՀՀ նախագահը, տեխնիկական պատճառներից ելնելով, չի կարող մասնակցել նիստին: Իբրև թե հրավերը ուշ ժամի է եղել:
Չխորանալով նախագահի ու վարչապետի սառը, ինչու չէ նաև լարված ու մրցակցային փոխհարաբերությունների մեջ՝ միայն արձանագրենք, որ գործ ունենք անթույլատրելի ու անընկալելի միջադեպի հետ: Այս պարագայում անձերը պետք է մղվեն երկրորդ պլան, քանի որ խոսքը պետության ու պետական կարևորագույն ինստիտուտի մասին է:
Խնդիրն այն է, որ այս հարցում մենք չենք կարող որևէ մեկին կշտամբել, քանի որ, ըստ օրենքի, ՀՀ նախագահը չի մտնում Անվտանգության խորհրդի կազմի մեջ: Այսինքն՝ նրան կարող էին նույնիսկ ընդհանրապես չհրավիրել: Իհարկե, փաստն այս տարակուսանք է առաջացնում, քանի որ, անկախ լիազորությունների շրջանակից, Հանրապետության գլուխը չի կարող անմասն մնալ պետության առջև ծառացած մարտահրավերների ու հիմնախնդիրների շուրջ ծավալվող քննարկումներից: Պարզապես չի կարող և վերջ:
Վստահաբար, օրենքն այդ պետք է ենթարկվի վերանայման, իսկ խորհրդի կազմն էլ պետք է զգալիորեն ընդլայնվի: Խնդիրը միայն Հանրապետության նախագահի չներկայացվածության մեջ չէ: Բանն այն է, որ Ազգային անվտանգության խորհրդի կազմում չկա գոնե մեկ մարդ, որը պետք է ներկայացնի Ազգային ժողովը: Իսկ այս փաստը հակասության մեջ է մտնում խորհրդարանական հանրապետության էության ու փիլիսոփայության հետ: Եթե պետությունը խորհրդարանական է, ապա ինչո՞ւ պառլամենտը չի մասնակցում ամենակարևոր հարցերի քննարկմանը: Առնվազն ԱԺ նախագահն ու նրա տեղակալներից գոնե մեկը պետք է ընդգրկվեն ԱԽ կազմում: Իհարկե, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցում էր Ստեփանակերտի նիստին, բայց մասնակցությունն այդ հետևանք էր հրավերքի, ինչը անթույլատրելի է: ԱԺ նախագահը չպետք է ԱԽ նիստին մասնակցի ինչ-որ մեկի հրավերով:
ԱԽ կազմի ընդլայնումը չպետք է սահմանափակվի միայն նախագահի ու ԱԺ խոսնակի ընդգրկմամբ: Խոսքը շատ ավելի լայն ընդլայնման մասին է: Ընդհանրապես մեր միջավայրում կարծրացած է այն մտայնությունը, իբրև թե ԱԱԽ-ն ինչ-որ հարցերի շուրջ պետության առաջնորդին ու իրավապահ կառույցների ղեկավարներին մի սեղանի շուրջ համախմբող ինստիտուտ է: Ո՛չ, սա իսկապես մոլորություն է: ԱԽ-ն բովանդակային տեսանկյունից պետք է շատ ավելի ներկայացուցչական գործառույթներ ստանձնի՝ իր մեջ ներառելով հանրային տարբեր շերտերին: Օրինակ՝ ես այն համոզմունքն ունեմ, որ Անվտանգության խորհրդի անդամ պետք է դառնան նաև խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, ենթադրենք՝ խմբակցություններից մեկի կամ էլ երկուսի ղեկավարները: Այս հարցը կարող են նույնիսկ քվեարկությամբ լուծել: Օրինակ՝ երկու ընդդիմադիր խմբակցությունները կներկայացնեն ԱԽ անդամի իրենց մեկական թեկնածուներին, իսկ խորհրդարանն էլ քվեարկության արդյունքում կընտրի նրանցից մեկին:
Վստահաբար, խորհրդարանն ու խորհրդարանական ընդդիմությունը պետք է մասնակցեն պետության անվտանգության հարցերի շուրջ ծավալվող քննարկումներին, այլ ոչ թե հայտնվեն պասիվ դիտորդի կամ էլ հանդիսատեսի կարգավիճակում: Չէ՞ որ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է:






































