Սկանդինավցի քաղաքական գործիչները 16-ամյա շվեդ աշակերտուհի Գրետա Թուռնբերգին խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրել գլոբալ տաքացման դեմ պայքարի շարժման մեջ նրա ներդրած ավանդի համար: Այդ մասին հայտնել է Aftonbladet հրատարակությունը:
«Շատ պատվավոր և հաճելի Է առաջադրված լինել այդ կարևոր մրցանակին: Դա անհավատալի է և փոքր-ինչ տարօրինակ»,- ասել է Գրետան Aftonbladet-ում հրապարակված հարցազրույցում: Նախաձեռնությամբ հանդես են եկել շվեդ քաղաքական գործիչներ Ենս Հոլմը և Հոկան Սվենելինգը, որոնք խորհրդարանում ներկայացնում են Ձախ կուսակցությունը, ինչպես նաև մի շարք նորվեգացի քաղաքական գործիչներ:
Պատանի շվեդուհին գրավել է զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը, երբ 2018 թվականի օգոստոսին Ստոկհոլմում սկսել է հերթական «դպրոցական դասադուլը» խորհրդարանի շենքի առջև: Նա հայտարարել է, որ չի հաճախի դպրոց, քանի դեռ շվեդ քաղաքական գործիչները չեն սկսի կատարել վնասակար արտանետումների կրճատման վերաբերյալ Փարիզի պայմանագրի պայմանները:
Գրետա Թուռնբերգին հրավիրել են ելույթ ունենալու ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերին նվիրված խորհրդաժողովում և Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում: Նա ամբողջ Եվոպայում հազարավոր դպրոցականների է ոգեշնչել հետևելու իր օրինակին, դուրս գալու փողոցներ՝ կլիմայի փոփոխման հիմնախնդրի նկատմամբ ուշադություն հրավիրելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:









































