Երևանի քաղաքապետարանն այսօր սկսել է ապամոնտաժել Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանների մի մասը։ Սրճարանների ապամոնտաժման աշխատանքներն իրականացնում են «Կենտրոն» վարչական շրջանի աշխատակիցները։ Իսկ աշխատանքները հսկում են քաղաքապետարանի աշխատակիցներն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։ Տեղում է նաև բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը, որը մեզ հետ զրույցում ասաց, որ սրճարանները ապամոնտաժելուց հետո տարածքի հարթեցում կիրականացվի, բետոնապատ մակերեսը կհեռացվի, և արդեն իսկ կսկսեն ծառատունկ։
Սրճարանների սեփականատերերը դիմադրում էին ապամոնտաժման աշխատանքներին, նրանք անջատեցին հոսանքը, որպեսզի թաղապետարանի աշխատակիցները չկարողանան կտրել ու հեռացնել երկաթյա կոնստրուկցիաները։
Թաղապետ Վիկտոր Մնացականյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ տարածքի բոլոր սրճարանները տեղակայված են ապօրինի, որոշները քաղաքապետարանի հետ ունեն վարձակալության պայմանագիր, սակայն վճարում են ծիծաղելի գումար դրա դիմաց։
Մնացականյանը հաստատեց, որ այդ թույլտվությունները սրճարանի սեփականատերերին տրվել են նախկին քաղաքային իշխանությունների ժամանակ։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











































