Այս տարի ևս «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա ռեգիոնալ ծրագրերից մեկը՝ հայ-թուրքական կինոյի պլատֆորմը։ Այս ծրագիրն անց է կացվում Եվրոպական համագործակցության հիմնադրամի կողմից։
Հիշեցնենք, որ այս երկու կազմակերպությունների համատեղ ջանքերով է կայացել նաև «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումը։ Եվրոպական համագործակցության հիմնադրամի աջակցությամբ է կայացել Ստամբուլի կինոփառատոնը, որին մասնակցել է 5 հայ երիտասարդ ռեժիսոր՝ ներկայացնելով 3 վավերագրական և 2 խաղարկային կարճամետրաժ ֆիլմ։ Այս տարի մենք մասնակցելու ենք Վիլյամ Սարոյանի պատմվածքներից մեկի նկարահանմանը»,- հրավիրված ասուլիսի ժամանակ ասում է հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը։
Փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը նշեց, որ այս տարին «Ոսկե ծիրան»-ի համար նախանշեց նաև նոր համագործակցությունների սկիզբ։ Այս տարի առաջին անգամ փառատոնին իր աջակցությունն է բերում ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամը: Հենց վերջինիս ջանքերով է կազմակերպվել ԱՊՀ-ի կազմավորման 20-ամյակին նվիրված ծրագիրը: Այս ծրագրի շրջանակերում կցուցադրվեն տասը ֆիլմեր և կլինեն քսանից ավելի հյուրեր ԱՊՀ երկրներից։
Այս տարի առաջին անգամ կհամագործակցեն նաև Հայաստանում Իսրայելի և Ավստրալիայի դեսպանատները։










































