Իհարկե, ցավալի է, որ նման դեպք է տեղի ունեցել, մենք լրիվ մանրամասնությունները չգիտենք, կապի մեջ ենք գործադիրի հետ և եթե մեր օգնության կամ միջամտության կարիքը լինի, մենք անպայման դա կանենք: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով փաստին, որ Սիրիայում ականազերծման աշխատանքներ կատարելիս վիրավորվել է հումանիտար առաքելություն իրականացնող մեր զինվորներից մեկը:
«Ես պիտի հորդորեմ քաղաքական ուժերին, որ այս դեպքը չպետք է դառնա ոչ գործոն, ոչ փաստարկ այնտեղ գտնվող մեր քաղաքացիների մարդասիրական առաքելությունն իրականացնելու համար: Ես գիտեմ, որ տարբեր ուժերի ու գործիչների մոտ տարբեր դիրքորոշումներ կան, թե արդյոք դա պետք է լիներ, թե չպետք է լիներ: Եվ այս դեպքը չպետք է օգտագործվի որպես փաստարկ: Այսինքն, ասեն՝ ահա, տեսեք, մենք ասում էինք, որ դա չպետք է լիներ, և բերեն այս դեպքը որպես ևս մեկ պատճառ այնտեղ լինելու կամ չլինելու համար»,-ընդգծեց Իգիթյանը:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք պատգամավորական խումբ պետք է գնա Սիրիա, թե ոչ, Իգիթյանն ասաց. «Այն աղմուկը, որ եղել է այս խմբի հետ կապված, արդեն մեծ բացասական դերակատարություն ունեցել է: Նայեք, տարբեր պետություններ, կազմակերպություններ մտահոգություններ հայտնելով, պաշտպանություն հայտնելով, շատ է քաղաքականացվել այնտեղ մարդասիրական առաքելություն իրականացնող խմբի առկայությունը: Շատ է դարձել իրար հետ հակասության մեջ գտնվողն միջազգային տարբեր ուժերի կենտրոնում»,-ասաց պատգամավորը: