ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է քրեական միջավայր ստեղծելու, ղեկավարելու, դրանում կամավոր ներգրավվելու և քրեական ենթամշակույթին հարելու ու այն տարածելու համար նախատեսել ու սահմանել համապատասխան պատժատեսակներ ու պատժաչափեր:
Հանրային քննարկման դրված նախագծով առաջարկում է նաև տալ «քրեական միջավայր», «քրեական ենթամշակույթ», «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ» և «քրեական ենթամշակույթին հարել ու այն տարածել» հասկացությունների բացատրությունը:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ըստ նախարարության, պայմանավորված է հասարակության շրջանում քրեական միջավայրի և քրեական ենթամշակույթի հաղթահարմամբ, այդ ենթամշակույթը կրող և տարածող անձանց հայտնաբերմամբ, քրեական աստիճանակարգության կանխարգելման նպատակով նոր հանցատեսակի սահմանմամբ: «Քրեական ենթամշակույթը լուրջ մարտահրավեր է հասարակության համար, քանի որ սպառնում է խաթարել կամ աղավաղել հասարակության մեջ ձևավորված արժեքներն ու պատկերացումները»,- գրված է հիմնավորումների բաժնում:
Նշենք, որ ներկայումս համանման նախագծեր են մշակվել նաև Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում, իսկ, օրինակ, Վրաստանի քրեական օրենսգիրքը 2006 թվականից պատասխանատվություն է նախատեսում գողերի ընկերակցությանն անդամակցելու, ինչպես նաև «օրենքով գողի» կարգավիճակում լինելու համար: «Օրենքով գողի» կարգավիճակում լինելը համապատասխանում է նախագծում օգտագործվող «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ» հասկացությանը: Հարկ է նշել, որ «Ռուսաստանի Դաշնության քրեական և քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում ևս նախատեսվում է պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի համար:
«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ այս օրինագիծն ունի դրական և բացասական կողմեր։ Դրականն այն է, որ անձինք, ովքեր հասարակությունում և ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթի, քրեական վարքի ջատագով են, նրանց նկատմամբ պետք է լինի կոնկրետ քրեաիրավական վերաբերմունք։ Մի դեպքում՝ ազատազրկման ձևով, մյուս դեպքում, եթե անձը ՔԿՀ-ում է, հետաձգել նրա՝ պատժից պայմանական ազատ արձակման հարցը։
«Սա լավ է այն տեսանկյունից, որ եթե քրեական ենթամշակույթի կրողները փորձեն այն տարածել հասարակության մեջ կամ բանտերում, ապա նրանց նկատմամբ կլինի քրեաիրավական վերաբերմունք։ Խնդիրն այն է, որ ներկայացված նախագծում վերջին մասում կա «այլ հանգամանքներ» կետը, որտեղ սահմանված չէ, թե ինչ է ներառում։ Հավանական է, որ ինչ-որ մարդիկ, եթե փորձեն քրեական հեղինակություն ազատել բանտից, ապա կարող են ներառվել «այլ հանգամանքներ» կետի տակ։ Բայց կրկնում եմ՝ այստեղ հստակություն չկա, թողնված է կամայական մոտեցման վրա»,- ասաց Գասպարյանը։
Նախագծի խնդրահարույց մասը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ, օրինակ, շատ դժվար է լինելու բացահայտել քրեական հեղինակություն ասվածին։ Ցուցիչները, չափորոշիչները, որով դատարանը պետք է որոշում կայացնի՝ տվյալ անձը քրեական հեղինակությո՞ւն է, թե՞ ոչ, որոշակի դժվարություններ է առաջ բերելու. «Մենք հիմա ուսումնասիրում ենք և առաջարկություն կներկայացնենք, որ քրեական հեղինակություն և այլ տերմինները լինեն մաքսիմալ չափելի։ Որովհետև մեր քրեական հեղինակություններից մեկն իր հոր անունով դպրոց է բացում, մեկը փողոց է անվանակոչում, մյուսը եկեղեցի է կառուցում, մեկ այլը լեգալ բիզնես է անում և ժամանակ առաջ նաև պատգամավոր էր։ Այս պարագայում անձին ասել, որ դու քրեական հեղինակություն ես, որը նաև պաշտոն է զբաղեցնում, դժվար է։ Պետք է երկար մտածել նկարագրական մասը բացելու համար, որպեսզի ամբողջությամբ հասկանալի լինի, թե ինչ ասել է քրեական հեղինակություն։ Առավել դժվար է նաև այդ միջավայրին հարողների հարցը։ Դա դժվար գնահատելի է։ Ու դրա արդյունքում քրեակատարողական ծառայության, պրոբացիայի ծառայության, դատարանների վրա ընկնում է մեծ բեռ։ Բեռ է նաև քննիչների ու դատախազների համար, որոնք պետք է կարողանան մեղադրական եզրակացություններով մտնել դատարան»,- ընդգծեց Գասպարյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում միշտ էլ, ցանկացած նախագծի դեպքում էլ դժվար է լինելու մաքսիմալ չափելի դարձնել երևույթները, բայց գոնե պետք է առավելագույն օբյեկտիվ չափորոշիչներ ունենալ։
Ամեն դեպքում, Գասպարյանի խոսքով, հանցավորության նվազեցմանը միտված նախագծի անհրաժեշտությունը կա. «Հանցավորությունը տասնյակ տարիներ մեզանում եղել է հինգերորդ իշխանություն։ Այդ մարդիկ արմատացած են եղել թե՛ բիզնեսում, թե՛ պետական իշխանության տարբեր ճյուղերում, և այսօր դրանց արմատախիլ անելը կարող է շատ բարդ լինել։ Իրենք այնքան շատ են, որ եթե հիմա ինչ-որ մեկին անվանենք քրեական հեղինակություն և պատժենք նրան, չենք կարող մտավախություն չունենալ, որ մոտեցումը կարող է խիստ սուբյեկտիվ գնահատականների արժանանալ։ Բացի այդ, ուզում եմ ընդգծել, որ միայն պատժելով հնարավոր չէ հանցավորության դեմ պայքարել և արդյունք ունենալ։ Պետք է կարողունակ ընդհանուր կանխարգելում իրականացնել, բայց կառավարության ծրագրում որևէ բառ չկար հանցավորության նվազեցման մասին։ Իսկ եթե դու չես կանխարգելում հանցավորությունը, զուտ նվազեցումը, պատիժը դառնալու է մահակային գործողություն»,- ընդգծեց Գասպարյանը՝ ավելացնելով, որ այս օրենքը ուժի մեջ մտնելուց հետո ամեն դեպքում մեր բանտերում կլինեն օրենքով գողեր, քրեական ու թաղային հեղինակություններ, նախկին զոն նայողներ։
Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նման օրենքի անհրաժեշտություն կա, անհրաժեշտությունը պետք է հիմնավորել վիճակագրությամբ, բայց իր մտահոգությունները կապված են օրենքի կիրարկման հետ։ «Օրենք ընդունելը մի բան է, օրենի կատարմանը հետևելը՝ մեկ այլ բան։ Ցանկացած լավ օրենք կարելի է ընդունել, բայց եթե այն չկիրառվի, դրա կիրառման ուղղությամբ աշխատանքներ չտարվեն, կամ օրենքը գործի ընտրովի, ապա ոչ մի արդյունք չենք ունենա, դա կլինի ընդամենը պոպուլիզմի դաշտից մի հերթական դրսևորում»,- ասաց Եղիազարյանը։
Եղիազարյանը դժվարանում է ասել, թե որքանով էր հասունացել նման օրենք ունենալու անհրաժեշտությունը. «Վիճակագրությանը ծանոթ չեմ, բայց նման վիճակագրություն կա դատախազությունում, այդպիսի վիճակագրություն վարում է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը։ Ոստիկանությունը, ըստ այդ տվյալների, պետք է ունենա համապատասխան գործողությունների պլան։ Բայց այդ պլանը ասֆալտին պառկեցնելը չէ, դա պահանջում է գիտական մոտեցում»,- նկատեց մեր զրուցակիցը։
Թե որքանով է հնարավոր օրենքով պայքարել «օրենքով գողերի» դեմ և թույլ չտալ, որ նոր մարդիկ ներգրավվեն այդ ցանցի մեջ, Եղիազարյանը դժվարանում է ասել, բայց կարծում է, որ եթե այդ օրենքը ընդունվի նաև Ռուսաստանի Դաշնության կողմից, ապա կարելի է որոշակի շոշափելի արդյունք ունենալ: «Եթե Ռուսաստանում էլ նման օրենք ընդունվի, ապա կարծում եմ, որ օրենքով գողերը նույնպես փոփոխություն կմտցնեն իրենց «ներքին օրենսդրության» մեջ։ Այսօր օրենքով գողին որ հարցնում են՝ գո՞ղ ես, նա, ըստ իրենց օրենքի, պատասխանում է, որ գող է, և արդեն վերցվում է հաշվառման։ Բացի այդ, իրավապահները կարող են օպերատիվ տվյալների հիման վրա բերման ենթարկել ինչ-որ տեղում, ինչ-որ մեկի կողմից օրենքով գող կարգվածին կամ նրան գող կարգողին։ Այսօրվա դրությամբ նա պարտավոր է ասել, որ գող է։ Իսկ եթե դա քրեականացվի, ապա կարծում եմ, որ իրենք էլ կվերանայեն իրենց մոտեցումները այդ հարցին պատասխանելիս»,- ասաց Եղիազարյանը՝ հավելելով, որ այսօր Հայաստանի կողմից երևույթի քրեականացումն այդքան լուրջ հարված չի նրանց համար, որքան Ռուսաստանի Դաշնության կողմից: «Եթե ՌԴ-ի կողմից այդ օրենքն ընդունվի, կարծում եմ՝ նրանք անմիջապես սխոդկա կանեն և կփոխեն նաև իրենց մոտեցումները։ Բռնվելու դեպքում օրենքի ներկայացուցչի հարցին՝ գող է, թե ոչ, կպատասխանեն՝ ոչ, քանի որ դա ծանր հանցագործություն է համարվում և, կարծում եմ, 8-10 տարվա ազատազրկում է ենթադրում։ Հայաստանի ու Ռուսաստանի գողերը գործում են մեկ դաշտում, իսկ Դեդ Հասանից հետո ես կասեի՝ երկու դաշտում։ Բայց այսպես թե այնպես Հարավային Կովկասի գողերի մեծամասնությունը Ռուսաստանում է, և օրենքի ընդունումից հետո ինչ վիճակ լինի Ռուսաստանում, նույնն էլ կլինի Հայաստանում»,- եզրափակեց Գուրգեն Եղիազարյանը։









































