«Որ Ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի՝ դա փաստ է, և շատ ցավում եմ, որ նախորդ խորհրդարանում 1 ձայնի պատճառով չկարողացանք ԸՕ-ն ընդունել, որի դեպքում կհանվեր արատավոր՝ ռեյտինգային ընտրակարգը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ իրենց խմբակցությունը անպայման հետևելու է ԱԺ նախագահի՝ ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսելու կոչին և մասնակցելու է աշխատանքային խմբին. «Ես կսառեցնեմ ԸՕ փոփոխության իմ անձնական նախաձեռնությունը, որովհետև շատ ավելի գլոբալ փոփոխությունների պիտի ենթարկվի Ընտրական օրենսգիրքը»:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ռեյտինգային ընտրակարգը ապաքաղաքականացրեց ընտրությունները, և դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների խնդիրների համար մեղավոր էր նաև այդ ընտրակարգը:
Նրա համոզմամբ՝ իմպերատիվ կերպով պետք է ամրագրվի քաղաքական դեբատների դրույթը. «Ես պնդում եմ, որ դեկտեմբերի 9-ի ընտրություններին եղել են պաշտոնյաներ, ովքեր կաշվից դուրս են եկել գործող քաղաքական ուժի համար ընտրական բարենպաստ, ջերմոցային միջավայր ստեղծելու նպատակով»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:









































