Արցախի նախագահ Բակո Սահակյանի պաշտոնական կայքէջը տեղեկություն է տարածել, համաձայն որի՝ Սերժ Սարգսյանը եղել է Արցախում, ներկա է գտնվել Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
![]()
Արցախի նախագահականի հրապարակած լուսանկարում նկատելի է, որ ՀՀ երրորդ նախագահ Սարգսյանը եղել է Արցախի ղեկավարության հետ, պաշտոնական պատվիրակության կազմում եղել է նաև Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Արցախում ներկա գտնվելուն, նշեց. «Գիտեք, որ նա պարզապես այցելել է Արցախ՝ իր անձնական գործերով։ Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծնունդն է, և մի հոծ բազմություն է հավաքվել Ստեփանակերտի կենտրոնական զորամասում, բազմաթիվ մարդիկ կային այնտեղ՝ և՛ վետերաններ, և՛ դպրոցականներ, և՛ ուսանողներ, այդ թվում նաև եղել է Հայաստանի երրորդ նախագահը, Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի և Վազգեն Սարգսյանի հարազատները՝ Արամ Սարգսյանի գլխավորությամբ»։
Բաբայանն ընդգծեց. «Շատ մեծ միջոցառում է տեղի ունեցել, նախատեսվում է ևս մեկը՝ Ստեփանակերտի մշակույթի տանը, էլի բազմաթիվ մարդիկ պետք է գան։ Այսինքն՝ սա համաժողովրդական միջոցառում է եղել, որտեղ այցելել է նաև ՀՀ նախկին նախագահը՝ որպես նաև Վազգեն Սարգսյանի մարտական ընկեր։ Չեմ կարծում, թե չէր կարող այցելել, զորամասը կրում է Վազգեն Սարգսյանի անունը և այնտեղ բազմաթիվ մարդիկ են եղել, ինքը՝ ևս»։

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի այցելության մեջ պետք չէ քաղաքական ենթատեքստ փնտրել։ «Պայմանավորված է նաև նրանով, որ Վազգեն Սարգսյանը մեծ ներդրում ունի Արցախյան պատերազմում, պետք չէ տողատակեր փնտրել։ Ես չէի ցանկանա հարցին այդկերպ նայել հատկապես այս օրերին, երբ հնչում են հայաստանցի, ղարաբաղցի այդ տարբերությունների մասին, արհեստական այդ բաժանումը բերել մտցրել են քաղաքական դաշտ, ինչը ես անթույլատրելի եմ համարում։ Գուցե կգտնվեն մարդիկ, քաղաքական ուժեր, որոնք կփորձեն սրա մեջ ենթատեքստ փնտրել, բայց դա լավ բան չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Բաղդասարյանն ասաց.«Նրանք, ովքեր նույնիսկ թաքուն մտքերով են դա արել՝ լավ բան չեն արել։ Վազգեն Սարգսյանի կերպարն ինչ-որ տեղ միասնության խորհրդանիշ է՝ հայաստանցի, ղարաբաղցի։ Հատկապես նրա հոբելյանը չարժեր այդպիսի քննարկումների կամ ենթատեքստերի առարկա դարձնել»։
Մեր զրուցակիցը հավելեց. «Ես խնդրին չէի ցանկանա նայել քաղաքական տեսանկյունից, ցավոք սրտի, այդպիսի թեմա կա այսօր՝ ղարաբաղցի, հայաստանցի, Ռուբեն Հախվերդյան, Քոչարյանն էլ իր հարցազրույցում ասաց՝ այս իշխանությունները կապ չունեն Արցախյան պատերազմի հետ, ատում են բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այդ պատերազմին։ Սա շատ վատ մեսիջ էր, և այս ամեն ինչի ֆոնի վրա գուցե այդպիսի շահարկումներ լինեն, բայց պետք է կտրել այդ թեման։ Նման քննարկումները վնաս են թե՛ Հայաստանին, թե Արցախին և թե՛ մեր պետականությանը»։











































