Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել սպարապետի կյանքին և գործունեությանը նվիրված հուշ երեկոյին:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, Վազգեն Սարգսյանի հարազատներն ու զինակից ընկերները, պաշտոնատար այլ անձինք:










































