«Երբ ընդունվեցի «Գարուն» ամսագիր, Մերուժան Տեր-Գուլանյանն ասաց երկու տեղ կա, մեկը հրապարակախոսության բաժնում, որտեղ Վազգեն Սարգսյանն էր աշխատում, և ես ցանկություն հայտնեցի նրա հետ աշխատել, որովհետև մեկ ամիս առաջ «Գարունում» տպագրվել էր Վազգեն Սարգսյանի «Քարի մեջ արյուն կա» հոդվածը Ջավախքի մասին, ես այնտեղից եմ, և ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ նա իմ համերկրացին էր…»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին հիշեց Վ. Սարգսյանի գրչակից ընկեր, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը: Նրա գնահատմամբ՝ Վազգենի խարիզման Աստծո կողմից տրված էր. «Հենց որ գալիս էր «Գարուն»- ի խմբագրություն, աշխատանքը կաթվածահար էր լինում, մենք հավաքվում էինք նրա շուրջը… երբևէ ինձ այլևս չի հանդիպել մի մարդ, որ օր օրի ժամանակի ընթացքում առաջ էր գնում, բարձրանում էր վերև՝ իր ճակատագրին ընդառաջ, և նրա ծիծաղը՝ լիաթոք, պարզ, անկեղծ հոգուց եկած ծիծաղը երբեք չսրբագրվեց, մնաց նույնը»:
«Երբ որ հաճախ շահարկվում է, քաղաքական կամ այլ նպատակներով Վազգենին քննադատում են, Վազգենին ճանաչողները և գնահատողները վիրավորանքից լռում են: Մեր մխիթարանքը գիտե՞ք որն է, ժամանակը ամեն ինչ իր տեղն է դնում: Ես հավատում եմ դրան»,- նշեց Կ. Խոդիկյանը՝ ընդգծելով՝ որ դրա լավագույն ապացույցը Վազգենն ունի, դա նրա գիրն է: Դրամատուրգի դիտարկմամբ՝ վատ մարդը չի կարող լավ գրականություն ստեղծել, իսկ Վազգենի պատմվածքները մարդակենտրոն են, այնտեղ քննվում, ներվում, սիրվում է մարդը…
Մանրամասն՝ տեսանյութում:







































