Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ ավարտվեց Նունե Մ.-ի գործի դատական քննությունը:
50-ամյա Նունեին մեղադրանք էր առաջադրված տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Նունե Մ.-ն հաշվառված է Գեղարքունիքի մարզում, փաստացի բնակվում է Երևանում՝ Վրացյան փողոցին հարող տարածքում տեղադրված տնակում:
Տարածքում գտնվող մեկ այլ տնակում է ապրել գործով տուժող Վալերի Գ.-ն: Նրա հետ Նունեն վերջին շրջանում վիճաբանություններ է ունեցել, պահանջել է ազատել տնակը, որտեղ Վալերին բնակություն էր հաստատել Նունեի գիտությամբ:
Բացի այն, որ Նունեի արտաքինը կրում է ալկոհոլի պարբերական չարաշահումների ակնհայտ հետքեր, նա նաև առողջական այլ խնդիրներ ունի, տեղաշարժվում է ձեռնափայտի օգնությամբ:
Վրացյան փողոցին հարող հիշյալ տարածքը պարբերաբար դառնում է այնտեղ՝ «Քրջի բազարի» հարևանությամբ բնակվողների ու այդ տարածքն այցելողների միջև վիճաբանությունների, ծեծկռտուքի «արենա»:
Ըստ մեղադրանքի՝ Նունե Մ.-ն Երևանի Վրացյան փողոցին հարող տարածքում Վալերի Գ.-ի հետ 2018 թվականի նոյեմբերյան հերթական վիճաբանությունից հետո իր մոտ գտնվող շշի մեջ առկա բենզինը լցրել է Վալերիի վրա ու հրկիզել է:
Վալերիին կրակի ճիրաններից հաջողվել է ազատել, բայց նրա առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ այրվել է մաշկային ծածկույթի 20 տոկոսը:
Դատարանում Նունե Մ.-ն իրեն լիովին մեղավոր ճանաչեց, զղջաց կատարածի համար:
Տուժող Վալերին հայտարարեց. «Մենք իրար հետ միշտ էլ լավ ենք էղել»: Նա ասաց, որ Նունեից գույքային պահանջ չունի, դեպքից անմիջապես հետո էլ հաշտվել է նրա հետ:
Նունե Մ.-ն Վալերիին հրկիզելու պատճառի մասին հարցին ի պատասխան՝ «արդարացավ». «Էրկուսս էլ խմած էինք»…
Նունեն դատվածություն չունեցող անձ է, նրա նկատմամբ նախկինում որևէ անգամ համաներում չէր կիրառվել:
Սակայն ոստիկանությունից տրված տեղեկանքի համաձայն՝ Նունեի վերաբերյալ 2015-2017 թվականներին ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել՝ ծեծի, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ մարմնական վնասվածք պատճառելու դեպքերով, սակայն տուժողի բողոքի բացակայության պայմաններում քրեական գործեր չեն հարուցվել:
Նունե Մ.-ն «հատակում» է հայտնվել կյանքի անբարենպաստ հանգամանքների պատճառով, իր ասելով՝ այրի է, Ֆրանսիայում՝ դուստր, իսկ Ռուսաստանում որդի ունի…
Նունե Մ.-ն և նրա շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Անժելիկա Հակոբյանը միջնորդություն ներկայացրին՝ գործն արագացված կարգով քննելու վերաբերյալ:
Մեղադրող Ս. Պողոսյանն ու տուժող Վալերի Գ.-ն չառարկեցին:
Մեղադրողը հանդես եկավ մեղադրական ճառով՝ նշելով, որ Նունե Մ.-ի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան: Մեղադրողը հաշվի առավ Նունեի վատառողջության վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, որոնք դատարանին ներկայացրեց պաշտպանական կողմը:
Մեղադրողը հաշվի առավ նաև կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը և միջնորդեց՝ Նունե Մ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտել 4 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառել Համաներման ակտի համապատասխան դրույթն ու ազատել պատժից:
Նունե Մ.-ի շահերի պաշտպան Ա. Հակոբյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց իր պաշտպանյալի վատառողջության վրա, այն բանի վրա, որ Նունե Մ.-ն իրեն մեղավոր է ճանաչել ու զղջացել է: Պաշտպանը խնդրեց իր պաշտպանյալի նկատմամբ օրենքով նախատեսված նվազագույն պատիժ նշանակել ու, կիրառելով Համաներման ակտի համապատասխան դրույթը, նրան ազատել պատժի կրումից:
Տուժողը նույնպես կողմ էր, որ Նունեն ազատվի պատժի կրումից:
Նունե Մ.-ն մեկ անգամ ևս իր անհստակ խոսքում հավաստիացրեց, թե զղջում է կատարածի համար:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Որոշ ժամանակ անց հրապարակվեց դատավաճիռը. Նունե Մ.-ն մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտվեց 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվեց Համաներման ակտի համապատասխան դրույթը, ու նա ազատվեց պատժից: Նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացվեց:







































