«Գազի տարանցման խնդիրը նորություն չէ, այն ակտիվ քննարկվում էր դեռեւս 90-ականների վերջերին, երբ թուրքմենական գազը Եվրոպա արտահանելու ճանապարհ էր համարվում Իրան-ՀՀ-Վրաստան կամուրջը: Այդ խնդիրը դուրս մնաց, իսկ հիմա գազի տարանցման հարցը դժվար եմ պատկերացնում: Մենաշնորհը «Գազպրոմինն» է, ինչպե՞ս են անելու»,-«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ում այսօր Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի մասին քննարկման ընթացքում անդրադառնալով վարչապետի հնչեցրած այն հայտարարությանը, որ ՀՀ-ն պատրաստ է Իրանի համար լինել գազի տարանցիկ երկիր, ասաց իրանագետ Էմմա Բեգիջանյանը:
Մեկնաբանելով Փաշինյան-Իրանի հոգեւոր առաջնորդ հանդիպումը՝ նա մատնանշեց, որ Այաթոլլա Ալի Խամենեին ոչ բոլոր երկրների առաջին դեմքերին է ընդունում. «Նա եւս շեշտեց, որ հայ-իրանական փոխհարաբերությունների համեմատ՝ երկու երկրների ներուժի օգտագործման մակարդակը ցածր է»:






































