Երևանում գործող սննդի և սպասարկման ոլորտի բազմաթիվ օբյեկտների համար հունվարից աղբահանության գումարների վճարները թանկացել են։ Տնտեսվարողները այս ամսին արդեն բարձր գումար են վճարել իրենց տարածքների աղբի համար։ 2019-ին Երևանում բնակչության համար աղբահանության վարձի դրույքաչափի փոփոխություն, սակայն, չի լինելու, քանի որ տարեսկզբին ավագանին արդեն սահմանել է դրույքաչափը՝ մեկ անձի համար 200 դրամ։
Իսկ ոչ բնակելի տարածքների՝ հասարակական և արտադրական շենքերի աղբահանության վճարը թանկացել է, քանի որ այն համաձայն 2018 թվականի դեկտեմբերի 27-ի ավագանու որոշման փոխվել է և հաշվարկվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի: Երևանի ավագանու դեկտեմբերի որոշմամբ՝ առևտրային կենտրոնների, այդ թվում՝ շուկաների, հանրային սննդի կետերի աղբահանության վճարը 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով սահմանվեց 70, հյուրանոցների համար՝ 30, արտադրամասերի համար՝ 8 դրամ:
Մասնավորապես, եթե նախկինում նույն շինության տարածքում գործում էին առևտրային տաղավարներ, սրճարաններ, գրասենյակներ, և յուրաքանչյուրն իր գործունեության տեսակից ելնելով, վճարում էր աղբահանության սահմանված առանձին՝ տարբեր վճարներ, ապա այժմ միասնական մոտեցում է ցուցաբերվում։ Նույն տարածքում մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն իրականացնողների համար աղբահանության վճարը հաշվարկվում է այդ գործունեության համար սահմանված առավել բարձր դրույքաչափով: Իսկ թե կոնկրետ որքան է կազմելու գումարը, որոշում է համայնքը։ Այդ լիազորությունը տրված է քաղաքապետարանին օրենքով։
Հասարակական և արտադրական շենքերի աղբահանության վճարները թանկացվեցին, քանի որ քաղաքապետարանը չէր կարողանում հավաքագրել գումարները։ Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը վերջերս նշել էր, որ քաղաքապետարանն ամեն տարի աղբահանության, սանմաքրման աշխատանքների համար տարեկան վճարում է շուրջ 5 մլրդ դրամ, իսկ փաստացի հավաքագրում՝ 3 մլրդ դրամ: «Այս թերհավաքագրումը բեռ է համայնքային բյուջեի վրա, որը ուզում ենք թոթափել: Վստահ ենք, որ հասարակական տարածքների վերահավաքագրման և օրենքի լրացումների շնորհիվ կունենանք մեր ծախսին մոտ հավաքագրում: Դա կմոտենա ինքնածախսածածկման մակարդակին»,- նշել էր քաղաքապետի տեղակալը։
Երևան ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, որը ավագանու նիստի ժամանակ դեմ էր քվեարկել թանկացման որոշմանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ արտադրական օբյեկտների համար, հաշվարկման ձևից ելնելով, գումարային մեծ տարբերություն է առաջացել, որը խնդրահարույց է։ «Այստեղ նաև վարչարարության խնդիր կա, քանի որ հաշվարկն իրականացվում է արտադրական տարածքի մակերեսով, որից պետք է հանվեն այն տարածքները, որտեղ արտադրական, աղբ գոյացնող գործունեություն չի ծավալվում։ Դրանք պահեստային տարածքներն են, ոչ առևտրային տարածքներն են։ Հաշվարկի ժամանակ դրանք պետք է հանվեն։ Օրինակ՝ պատկերացրեք մեծ առևտրային օբյեկտներում՝ մոլերում կան տարածքներ, որքան աղբ են գոյացնում և վճարում են դրա դիմաց, բայց միջանցքները, ընդհանուր օգտագործման տարածքները, որոնք կառույցի մեջ են ներառված, դրանք աղբ գոյացնելու պրոցեսին չեն մասնակցում, և այդ մակերեսները պետք է ընդհանուր հաշվարկից դուրս բերվեն։ Եթե դրանք դուրս բերվեն, ապա շատ մեծ գումար չի ստացվի»,- ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ խնդիր կա նաև աղբի ծավալների հաշվարկման մեջ, որովհետև մակերեսով հաշվարկում են այն ժամանակ, երբ ծավալը հնարավոր չէ որոշել։ «Գուցե անհրաժեշտ է ծավալով հաշվարկի մեխանիզմներ քննարկել առաջին հերթին»,- ասաց Խաժակյանը։
Դավիթ Խաժակյանը նշեց, որ իր տեղեկություններով՝ քաղաքապետարանը ներկայումս լուծումներ է փնտրում այս խնդրի կարգավորման մասով։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ որոշումն ընդունվել է ավագանու կողմից և ներկայումս որևէ փոփոխություն չի քննարկվում։











































