Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն ու Վրաստանը Բաքվում ստորագրել են «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթգծի նախագծի շրջանակներում Վրաստանին նոր վարկ հատկացնելու մասին համաձայնագիրը։
Ադրբեջանական կողմից այն ստորագրել է տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը, իսկ վրացական կողմից՝ «Մարաբդա-Կարծախի երկաթգիծ» ընկերության ղեկավար Բիձինա Բրեգաձեն։
Ադրբեջանի կողմից տրամադրվող վարկի չափը 575 միլիոն դոլար է։ Այն տրամադրվում է 25 տարի ժամկետով և 5 տոկոս տարեկան տոկոսադրույքով։ Այդ գումարը կհատկացվի Ախալքալաքից մինչև Թուրքիայի սահման երկաթգծի կառուցմանը և Մարաբդա-Կարծախի 160 կիլոմետրանոց հատվածի արդիականացմանը։
Հիշեցնենք, որ 2007 թվականի փետրվարի 7-ին Վրաստանի մայրաքաղաքում Հայաստանի չորս հարևաններից երեքը՝ Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան, ստորագրեցին «Թբիլիսյան հռչակագիրը», որն առնչվում էր միմյանց միջև հաղորդակցային և էներգետիկ համագործակցության խորացմանը:
Այդ պայմանավորվածությամբ նախատեսվում էր կառուցել Թուրքիան (Կարս) Վրաստանին (Ախալքալաք) կապող 98 կիլոմետր ընդհանուր երկարությամբ երկաթգիծ, որից 68 կիլոմետրը՝ թուրքական տարածքում, իսկ 30 կիլոմետրը՝ վրացական տարածքում: Բացի այդ, պետք է արդիականացվեր երկաթգծի վրաց-ադրբեջանական հատվածը:
Երկաթգծի թողունակությունը կազմելու է տարեկան 30 միլիոն տոննա բեռնափոխադրություն («Գյումրի-Կարս» երկաթգծի դեպքում այդ ցուցանիշը կազմում է 10 միլիոն տոննա)։
2007 թվականին Ադրբեջանը համաձայնել էր Վրաստանին տրամադրել 200 միլիոն դոլարի վարկ ԲԹԿ-ի վրացական հատվածի կառուցման համար։ Այն ժամանակ ԲԹԿ-ի նախագիծը գնահատվում էր 600 միլիոն դոլար։
Սակայն երբ օրեր առաջ հայտնի դարձավ, որ ԲԹԿ-ի նախագիծը կրկնակի թանկացել է՝ հասնելով 1.2 միլիարդ դոլարի, Ադրբեջանը ստիպված եղավ հավելյալ 575 միլիոն դոլարի վարկ տրամադրել Վրաստանին՝ վարկի ընդհանուր գումարը հասցնելով 775 միլիոն դոլարի։





































