ՀՅԴ Ֆրանսիայի կառույցը հայտարարություն է տարածել Facebook սոցցանցի իր էջով, որ սեպտեմբերի 25-ին Փարիզում համերգ է տեղի ունենալու, որից գոյացած փողն ուղղվելու է Ղարաբաղի պաշտպանության բանակին: Իսկ այդ համեգրին երգելու է Տաշիրի բնակարանատեր Նունե Եսայանը, ով մարտի 1-ին Հայաստանի տասը քաղաքացիների մահվան՝ սպանության կապակցությամբ հայտարարել էր, թե եթե մահացել են, իրենց մեղքով են մահացել՝ թող էդտեղ չլինեին ու չմահանային:
Ահա այդ երգչուհին պետք է երգի Փարիզում, ու այդ երգելուց գոյացած փողն էլ պետք է գնա Ղարաբաղի պաշտպանական բանակին: Անշո՛ւշտ մեծ նվաճում է, որ բանակին է գնալու, ոչ թե ասենք Երևանում հերթական բնակարանը ձեռք բերելուն: Բայց, ընդհանուր առմամբ, եթե նույնիսկ ոչ թե Նունե Եսայանի, այլ համաշխարհային Օպերայի որևէ դասականի համերգի փողով պետք է օգնություն հատկացվեր Ղարաբաղի Պաշտպանության բանակին, միևնույն է իրավիճակի խայտառակ պատկերը դրանից հազիվ թե նվազեր:
Օտար մայրաքաղաքներում իր պետական բանակի համար համերգային կամ որևէ այլ հանգանակություն կազմակերպում են միայն նրանք, ովքեր գաղափար անգամ չունեն պետականությունից, պետական արժանապատվությունից, ովքեր պետական, կայացած, պատերազմում թրծված, միջազգային ռազմական հեղինակավոր մասնագետների դրական գնահատականին արժանացած և մարտունակ բանակը նույնացնում են պարտիզանական կամ ֆիդայական ջոկատների հետ, որոնց համար հանգանակություններ է պետք հավաքել ինչ-որ բարեգործական ակցիաներով: Եվ այդ ամենից հետո որևէ մեկն ուզում է, որ Ղարաբաղը ճանաչվի որպես միջազգային իրավունքի սուբյե՞կտ:
Մի՞թե Ղարաբաղի իշխանությունը պետք է լռի ՀՅԴ Ֆրանսիայի մարմնի այս գաղութային նախաձեռնության համար, որը ոչ մի կապ չունի պետականություն և պետական արժանապատվություն ունեցող ազգի հետ: Իսկ հարցի մյուս կողմն էլ այն, որ եթե Հայաստանում և Ղարաբաղում բանակի գեներալների հարստությունը թափ տաս, ապա երևի թե ամեն մեկի գրպանում միայն «պերերիվի» համար այնքան փող կլինի, ինչքան փող որ այդ բարեգործական համերգների ընթացքում կարող է հավաքվել: Եթե Հայաստանի ու Ղարաբաղի բանակի գեներալները, գնդապետները իրենց շքեղ մեքենաների մի պահեստամասի փողը հատկացնեն բանակին, «բարեգործական» հանգանակությունների կարիք չի լինի: Այլապես դեգրադացիայի վերջին խոսքն է, երբ բանակը համալրված է բիզնեսմեն գեներալիտետով և հրամկազմով, իսկ այդ բանակի համար փող են հավաքում փարիզներում, ցուցաբերելով «պոպսապատիվ մուրացկանություն»: Այդ համերգը պետք է միարժեք դատապարտվի թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղում:
Ի վերջո, պետք է դադարեցնել այդօրինակ նեղ մտածողության դրսևորումները: Հայկական բանակը՝ Հայաստանի ու Ղարաբաղի զինուժը, իր թիկունքում ունի պետություն, առնվազն պետք է ունենա պետություն, և այդ բանակների հոգսը պետք է հոգա պետությունը, ոչ թե կուսակցական ինչ որ կառույցներ: Իսկ Նունե Եսայանը, եթե բարեգործություն անող էր, ապա թող իր «աստղ» գործընկերների հետ միասին բարեգործության տրամադրեր Տաշիրում քանիերորդ անգամ ստացած բնակարանների ու ավտոմեքենաների գոնե մի մասը:








































