Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն այսօր Մատեո Ռենցիին կհանձնի նոր կառավարության ձևավորման մանդատը: Ինչպես ասվում է Կվիրինալի պալատի պաշտոնական հայտարարության մեջ՝ պետության ղեկավարը Դեմոկրատական կուսակցության 39-ամյա քարտուղարին հանդիպման է հրավիրել: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Վարչապետ Էնրիկո Լետան փետրվարի 14-ին հրաժարական տվեց՝ այն բանից հետո, երբ Դեմոկրատական կուսակցությունը, որը նա ներկայացնում էր, կողմ արտահայտվեց վարչապետին փոխելուն՝ անհրաժեշտ բարեփոխումներն արագացնելու համար:
Վարչապետի պաշտոնը ստանձնելու համար Ռենցին պետք է թողնի Ֆլորենցիայի քաղաքապետի պաշտոնը, որը զբաղեցնում է 2009 թվականից:











































