Հայաստանի անվտանգության երաշխավոր ՀԱՊԿ-ն այդպես էլ որևէ կերպ չարձագանքեց վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանն, ինչպես նաև Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողություններին:
Հիշեցնենք, որ այդ գործողությունների հետևանքով սպանվեց հայազգի զինվոր Արմեն Հովհաննիսյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը նորմալ է համարում ՀԱՊԿ-ի չարձագանքելը: «Առաջին լրատվական»-ի հարցին, թե իր դիտարկմամբ՝ ինչո՞ւ ՀԱՊԿ-ն այդպես էլ որևէ կերպ չմիջամտեց այդ իրադարձություններին, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց․ «Ինչպե՞ս պետք է միջամտի ՀԱՊԿ-ը: Հայաստանն ինքը ՀԱՊԿ-ի անդամ է, և Հայաստանն ինքը արձագանքում է, կարիք չկա, որ այլ երկրներ արձագանքեն»:
Նա ընդգծեց, որ ՀԱՊԿ-ը թերևս ունի իրավասություններ, բայց «Հայաստանն ինքը ՀԱՊԿ է և արձագանքել է»:
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Ադրբեջանի վերջին գործողությունները, Լևոմ Մարտիրոսյանը պատասխանեց․ «Շատ վատ: Մեկ անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ մենք նմանատիպ սադրանքներին պետք է տասնապատիկ ծանր հետևանքներով պատասխանենք հակառակորդին, այլապես դրանք երբեք ավարտ չեն ունենա»:
Հետաքրքրվեցինք նաև, թե իր կարծիքով՝ ի՞նչ նպատակ են հետապնդում Ադրբեջանի այդ գորոծղությունները, ինչին ի պատասխան՝ Լևոն Մարտիրոսյանն ասաց․ «Որ լարվածություն պահպանեն և տպավորություն ստեղծվի, որ խաղաղ բանակցությունները որևէ արդյունքի չեն բերում»:
Մեր այն ճշտող հարցին, թե իր կարծիքով՝ Ադրբեջանի նպատակը բանակցությունները տապալե՞լն է, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ոչ, չեմ կարծում, թե տապալելու նպատակ կա, բայց նպատակ կա լարվածությունը միշտ պահել, որպեսզի այն օգտագործվի խաղաղ բանակցությունները վարկաբեկելու համար»:
Նրա խոսքերով՝ պատերազմի վտանգ միշտ կա, բայց պատերազմի չվերսկսման երաշխիքը մեր բանակն է, մեր բանակի մարտունակությունը:
Մանրամասները՝ տեսանյութում








































