Տեխնիկական լրտեսության նպատակով չինացիների խմբի՝ Հայաստան այցից ու «Նաիրիտ»-ում մի քանի օր շարունակ ուսումնասիրություններից հետո «Նաիրիտի» վերագործարկման հեռանկարն ավելի մշուշոտ է դարձել, իսկ այդ նպատակով ներդրողի ու կառավարության բանակցությունները հայտնվել են փակուղում:
Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ վերջերս Գրիգորյանն ասել էր, որ եթե խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության հետ վերսկսված բանակցություններն ու հանդիպումները այդ տեմպով շարունակվեն, ապա փետրվարի մեջ հնարավոր կլինի ավարտել պայմանագրի քննարկման փուլը, և փետրվարի վերջին կամ մարտ ամսին ստորագրել աշխատանքային պայմանագիրը, որը ենթադրում է 130 միլիոն ներդրում միայն կաուչուկի արտադրության մեջ, ևս 100-120 միլիոն դոլար ներդրում էներգետիկ համալիրը վերականգնելու մեջ։
«Չինացիների այցից հետո իմ ներկայացուցիչները երկու անգամ հանդիպում են ունեցել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ: Առաջին հանդիպման ժամանակ քննարկվել էր հարցը, որ պայմանագրի ստորագրման ու բանակցությունների ուղղությամբ ոչ մի առաջընթաց չկա, և նախարարը խոստացել էր, որ հարցն անմիջապես կզեկուցի վարչապետին, և կքայլենք առաջ, քանի որ իրենք պատրաստ են ստորագրել պայմանագիրն ու աշխատանքները սկսել: Մենք հավատացինք նրան: Դրանից հետո ես լսեցի, որ մի հարցազրույցի ժամանակ նախարարը «Նաիրիտ»-ի վերագործարկման վերաբերյալ հարցին ինչ-որ վերացական պատասխան էր տալիս, թե ինչ-որ ներդրողներ կան, դեռ հստակ չի… Այսինքն՝ ոչ մի որոշակի բան, որից ես շատ զարմացա, քանի որ ընդամենը դրանից մեկ շաբաթ առաջ կոնկրետ խոսակցություն էր եղել»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում դրանից հետո էլ իր ներկայացուցիչները հանդիպել են նախարարի հետ, որը ներկայացուցիչներից ուզել է հոլդինգի տարեկան շրջապտույտները, որին իրենք չեն առարկել:
«Մենք ներկայացրինք հոլդինգում ներգրավված «Նաիրիտ կոնսորցիում»-ի՝ բուլղարական, անգլիական, գերմանական, չեխական ընկերությունների մոտ 600-700 միլիոնի շրջապտույտ: Սրանք բոլորը ընկերություններ են, որոնք պատրաստ են աշխատել «Նաիրիտ»-ի հետ: Դրանից հետո նոր պահանջներ դրվեցին մեր առաջ, որից հետո ես ասացի՝ վերջ: Այս մարդիկ հստակ կատարում են ինչ-որ մեկի հրամանը, որ զզվացնեն, հիասթափեցնեն մեզ, որ մեր հոլդինգի ներդրողները թողնեն ու հեռանան»,- ասաց Գրիգորյանը:
Աշոտ Գրիգորյանի հետ նույնկերպ վարվել են նաև ՀՀ ՊՆ գործընկերները: Ռազմարդյունաբերության մեջ ներդրումներ կատարելու նրա ցանկությունը սկզբում մեծ ոգևորությամբ է ընդունվել: Դավիթ Փախչանյանի հետ լուրջ բանակցություններ են կատարվել, բայց ժամանակ անց բանակցությունները ընդհատվել են, իսկ Փախչանյանը՝ ազատվել աշխատանքից: «Կարճ ասած՝ մենք չենք կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում, այսպես կոչված, նոր Հայաստանում: Ում հետ շփվում ենք, դեռ մի տպավորություն ենք ստանում՝ բոլորը շարժվում են նույն՝ հին տրամաբանությամբ: Ես չեմ կարողանում հասկանալ, թե փոփոխություններից հետո ուր է գնում Հայաստանը»,- նկատեց Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է «Նաիրիտ»-ին, ապա Գրիգորյանը համոզված է, որ այս հարցը դեռևս գտնվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի վերահսկողության տակ: «Հակառակ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ կառավարության մոտեցումը «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցում: Իմ կարծիքով՝ իսկապես ոչինչ չի փոխվել, ու Տիգրան Սարգսյանը դեռևս կանգնած է այս հարցի հետևում: Հակառակ դեպքում որևէ բացատրություն չկա, թե ինչու մայիս ամսից մինչ հիմա «Նաիրիտ»-ի հարցով տեղաշարժ չկա, այն դեպքում, երբ մենք ասում ենք՝ մենք բերում ենք, ներդրում անենք, ձեզանից ոչ մի բան պետք չի, ոչ մի կոպեկ, պարզապես նստեք ու քննարկեք հարցը մեզ հետ: Փոխարենը կառավարությունը անհարկի ձգձգում և խոչընդոտում է մեր գործողություններին: Հիմա մենք ասում ենք՝ կա՛մ պայմանագիրը մեզ հետ քննարկեք, կա՛մ մենք ներդրման հարցը կհամարենք փակված: Ես կարող եմ ասել, որ այս ուղղությամբ մեր բանակցությունները շատ մեծ արագությամբ առաջ են գնացել Արծվիկ Մինասյանի նախարար եղած ժամանակ, երբ ստորագրվեց մտադրությունների պայմանագիրը: Հետո, երբ Արծվիկն ազատվեց, գործը մտավ փակուղի: Իմ կարծիքով՝ նոր նախարարը ինչ-որ մեկի դիրիժորական փայտիկի տակ պարզապես մեզ վանում է, որ հիասթափվենք հեռանանք»,- եզրակացրեց Գրիգորյանը՝ ավելացնելով, որ ներկա պահին ոչ մի բանակցություն չի գնում:












































