Սփյուռքի նախարարության կորիզը պահպանվելու է՝ գրասենյակի տեսքով, սակայն կրճատումներն անխուսափելի են լինելու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր-Գրիգորյանը:
«Գրասենյակը հիմնականում աշխատելու է 4 ուղղությամբ՝ հայրենադարձություն և ինտեգրում, հայապահպանություն և համայնքներին աջակցություն, համահայկական օրակարգի ձևավորում և Սփյուռքի ներուժի նպատակային օգտագործումը Հայաստանի զարգացման համար»,- նշեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ իրենք հաշվի են առել այն բոլոր խոցելի կետերը, որոնք եղել են նախարարության կազմում. «Սփյուռքի հետ ցանկացած գործ առնչվում է մի քանի տարբեր գերատեսչությունների, հետևաբար մի նախարարության մեջ դա դնելը և կոորդինացնելը բավականին խնդրահարույց է լինում: Դա հաշվի առնելով՝ մենք առաջարկել ենք այս նոր տարբերակը, որը կլինի վարչապետի աշխատակազմում և կզբաղվի կոորդինացման գործընթացով»:
Բաբկեն Տեր-Գրիգորյանը նշում է, որ Սփյուռքը պետք է ընկալել որպես ցանցային երևույթ, ոչ թե բուրգային: «Եվ այդ ցանցային միավորումը՝ հատկապես 21-րդ դարում, բավականին մեծ ներուժ է իրենից ներկայացնում»,- ասաց նա՝ կարևորելով հատկապես մարդկային և մասնագիտական ներուժը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:












































