Վաղը Հայաստանում տեղի կունենան երկու համագումարներ: Համագումար կանեն պայմանական ապաքաղաքական ԵԿՄ-ն՝ Երկրապահ կամավորականների միությունը, և Հայաստանի խորհրդարանական քաղաքական երկրորդ ուժը՝ ԲՀԿ-ն, որը սովորաբար իր ճոխ համագումարների փոխարեն, այս անգամ որոշել է փակ կամ կիսափակ համագումար անցկացնել իր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող գինու և կոնյակի կոմբինատին կից կառուցված կուսակցական շենքում:
Առաջին հայացքից այս երկու համագումարները, ըստ էության, կապ չունեն իրար հետ, կապ չունեն այնքանով, ինչքանով կապ չեն կարող ունենալ միևնույն տնտեսական և քաղաքական համակարգի տարբեր մասերը, չնայած նրանց ֆորմալ տարբեր կարգավիճակներին: ԲՀԿ-ն էլ, ԵԿՄ-ն էլ հանդիսանում են համակարգային իլյուստրացիաներ, որոնցից ամեն մեկն իր մասով ու ժամանակին ծառայում է Հայաստանում ընդհանուր համակարգի պահպանմանը:
Զուտ տեսականում այսօր այս ուժերն, ըստ էության, հակադիր բևեռներում են` նկատի ունենալով, որ ԵԿՄ-ն, ըստ էության, ՀՀԿ-ի հետ սերտաճած ուժ է, իսկ ԲՀԿ-ն` ՀՀԿ-ին այլընտրանք: Բայց սա նշանակում է նաև, որ ԲՀԿ-ն ոչ միայն հասարակության աչքին է այլընտրանք, այլ նաև ԵԿՄ-ի, այսինքն` երկրապահների աչքին, այն տեսանկյունից:
Մի բան պարզ է, որ Հայաստանում իշխանության հավակնող ուժերը պետք է հավակնեն ԵԿՄ-ի տրամադրվածությանը: Ի վերջո, հիշենք, թե 2008 թվականին ինչ դեր էր փորձում տալ ԵԿՄ-ին իր պայքարում ժողովրդական շարժումը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը: Եվ եթե ԲՀԿ-ն իշխանության հավակնող ուժ է, ապա պետք է փորձի հավակնել ԵԿՄ-ին:
Ահա այս տեսանկյունից հատկանշական է, որ երկու համագումարները տեղի են ունենում միևնույն օրը, կամ կարելի է ասել, որ ԲՀԿ համագումարին իշխանությունները հակադրում են ԵԿՄ-ի համագումարը` երևի թե ցույց տալու համար, որ քանի դեռ այս կարևոր գործոնը իրենց ձեռքին է, ԲՀԿ-ի իշխանական հավակնությունները անտեղի են, եթե նույնիսկ առայժմ դրսևորվում են ոչ թե նախագահական պաշտոնի, այլ ընդամենը վարչապետին անվստահություն հայտնելու տեսքով:
Ըստ ամենայնի, հենց այս մեսիջն են փորձում փոխանցել ԲՀԿ-ին իշխանությունները զուգահեռաբար ԵԿՄ համագումար կազմակերպելով: Վեջին հաշվով, սա նաև իշխանությունների ոգով ու ոճով է, քանի որ զուրկ լինելով հանրային քաղաքականության տարրերից, նրանք իրենց մրցակիցների կամ հակառակորդների հետ պետք է խոսեն ոչ թե քաղաքական նախագծերի ու գաղափարների պայքարով, այլ` «ով ավելի ուժեղ է և ավելի շատ ունի» տրամաբանութամբ, որն էլ երկու տասնամյակների ընթացքում բերել է ժողովրդի և պետության ունեզրկմանը:









































