«Ես համաձայն եմ, որ պետք չէ ուշացնել, և Ընտրական օրենսգրքի քննարկումները պետք է առաջիկայում օրակարգի մեջ դրվեն։ Ըստ էության՝ փաթեթն արդեն պատրաստ է, և բավականին լայն քննարկումներ եղել են, ներգրավված են եղել և՛ արտախորհրդարանական ուժեր, և՛ խորհրդարանական ուժեր, և՛ նաև ՀԿ-ներ։ Գուցե որոշ հարցեր նորից քննարկման կարիք կունենան, բայց փաթեթը պատրաստ է և մեզ իսկապես ոչինչ չի խանգարում այդ օրինագիծը բերել, որպեսզի քաղաքական ուժերը արդեն սկսեն պատրաստվել մյուս ընտրություններին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։ Նրա խոսքով՝ եթե այլ հրատապ հարցեր չառաջանան, որով ԱԺ-ն պետք է զբաղվի, ապա ԸՕ-ն այս տարի կքննարկվի։
Կուսակցությունների մասին օրենքը, նրա խոսքով, նույնպես իրենց օրակարգում է։
Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, ապա, Լենա Նազարյանի խոսքով, դա նույնպես իրենց օրակարգում է, բայց պետության կառավարման մոդելի փոփոխության հետ կապված որևէ քննարկում կուսակցությունում չի եղել։












































