Թեև քայլ առ քայլ, բայց դատարանները ժամանակ առ ժամանակ փորձում են արդարությանը մոտ դատական ակտեր կայացնել:
Հունիսի 29-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` Արշակ Խաչատրյան, Սերժիկ Ավետիսյան և Մարգարիտ Սիմոնյան կազմով և վերջինիս նախագահությամբ, պատժից ազատեց Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը գերազանցությամբ ավարտած, պետության գույքի հափշտակություն թույլ չտալու պատճառով ծեծված, այնուհետև առանց բուժօգնության մնացած և մեկ տարուց ավելի ապօրինի կալանքի տակ պահված սպա Նարեկ Այվազյանին:
Նա ծառայել էր գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդու` Գրիշա Խաչատուրովի ղեկավարած Արարատի զորամասերից մեկում: Հիշեցնենք, որ Նարեկ Այվազյանը 2009թ. հուլիսի 31-ին եղել էր N զորամասի «Նաիրի» հենակետի ավագ: Նրա պատմելով, 2009թ. հուլիսի 30-ի երեկոյան, դիրքերում ծառայության ժամանակ «Ծուխ» մարտական հենակետից իրեն կանչել են աշխատավարձ ստանալու: Գնացել է «Ծուխ»` աշխատավարձը ստացել, որտեղ ներքին կապով «21» մարտական հենակետից նրա հետ է կապվել Սահակ Մարտիրոսյանը և խնդրել է իրենից, որ նրանց հենակետ բարձրացնի Ս.Մարտիրոսյանի բարեկամի բերած ձկները և այլ ուտելիքներ: Ինքը նրա խնդրանքը մերժել է, որի պատճառով Ս.Մարտիրոսյանն իրենից վիրավորված հեռախոսն անջատել է: Կեսօրից հետո ինքը բարձրացել է «Նաիրի» մարտական հենակետ, քանի որ հոգնած է եղել, որոշել է մի քիչ քնել: Արթնացել է, տեսել, որ զինվորներն ինքնուրույն են կատարում հերթափոխը, որից հետո գնացել է դիտակետ` ստուգելու իր կողմից տրված հանձնարարությունների կատարման ընթացքը:
Երբ վերադարձել է «Նաիրի» հենակետի գետնատնակ, այնտեղ է եղել «Մուշ 1» մարտական հենակետի ավագի օգնական Գագիկ Եղոյանը: Ինքը նրան հարցրել է, թե ինչ է անում իր հենակետում, Եղոյանն էլ պատասխանել է, որ Քյոսեյանի հետ եկել են Տրաշինի մոտ: Ինքը հարցրել է, թե որտեղ են Տրաշինը և Քյոսեյանը, Եղոյանը պատասխանել է, որ գնացել են «21» մարտական հենակետ: Խորը կասկածանքներ ունենալով` Եղոյանին հրաման է տվել վերադառնալ «Մուշ 1» մարտական հենակետ ու քանի որ հեռախոսակապը լավ չի աշխատել, չցանկանալով նաև այդ մասին հեռախոսով հայտնել, հենակետի ավագի պարտականությունները ժամանակավորապես դնելով Խդր Թամոյանի վրա, գնացել է «21» մարտական հենակետ` վաշտի հրամանատարին զեկուցելու Տրաշինի, Քյոսեյանի և Եղոյանի կասկածելի վարքի մասին:
Երբ հասել է «21» հենակետ, տեսել է, որ իրենից նեղացած զինվորները, որոնց մեջ նաև իր օգնական Տրաշինն է եղել և Քյոսեյանը, հաց են կերել վերջացրել, վաշտի հրամանատարն էլ հենակետում չէ: Ինքը Տրաշինին հրամայել է, որպեսզի վերադառնա «Նաիրի» մարտական հենակետ և ինքն էլ շտապ վերադարձել է իր հենակետ` եղածի մասին վերադասին զեկուցելու: Հասնելով «Նաիրի» հենակետ` մտել է գետնատնակ ու տեսել, որ Եղոյանը քնած է այնտեղ, արթնացրել է նրան ու հրամայել է գնալ իր հենակետ: Կարծելով, որ Տրաշինը արդեն իրենց հենակետում կլինի` ինքը դուրս է եկել գետնատնակից, սակայն նրան այնտեղ չի տեսել: Հանկարծ նկատել է, որ հեռվից` որտեղ պահվում է բոլոր հենակետերին պատկանող դիզվառելիքը և որի պատասխանատուն ինքն է, ճանապարհը լուսավորելով իրեն են մոտեցել Տրաշինն ու Քյոսեյանը` դիզվառելիքով լի տարաները ձեռքներին:
Նարեկը թույլ չի տվել դիզվառելիքը տանեն` վաճառեն և սպառնացել է, որ վերադասին կզեկուցի: Այդ պահին Տրաշինն ու Քյոսեյանը սկսել են հրել Նարեկին և հայհոյել` ասելով. «Դու ո՞վ դառար, որ թույլ չտաս դիզելային վառելիքը տանենք», ապա նրան հրելով մտցրել են գետնատնակ և ևս երկու զինծառայողների` Հայկ Սիմոնյանի և Խդր Թամոյանի հետ միասին ծեծել: Ստացած բազմաթիվ հարվածներից Նարեկի ինքնազգացողությունն անմիջապես վատացել է, գլխին ստացած ուժեղ հարվածներից սրտխառնոց է առաջացել, աչքերի դիմաց սևացել է ու գլխապտույտ սկսվել: Նարեկը խնդրել է նրանց, որ այլևս իրեն չհարվածեն, դրանից հետո նա կորցրել է գիտակցությունը և ընկել: Նրան փորձել են ուշքի բերել, սակայն ինքնազգացողությունը շարունակել է վատ մնալ:
Հաջորդ օրը մի կերպ գնացել է «Ծուխ» մարտական հենակետ, կատարվածի մասին զեկուցել վաշտի հրամանատար Ա.Ավետյանին և 1-ին հրաձգային գումարտակի շտաբի պետ Ա.Վարոսյանին, խնդրել է իրեն բուժօգնություն ցույց տալ, սակայն նրանք իրեն ստիպել են հետ գնալ հենակետ ու շարունակել ծառայությունը: Այնտեղ նա իմացել է, որ առանց իր իմացության, ձեռքի ուռածության համար Ա.Տրաշինին իջեցրել են գնդի բուժկետ: Հետագայում ինքն իմացել է, որ նրանք գողացված մոտ 100 լիտր դիզվառելիքը վաճառել են հովիվ Ֆելիքս Հովհաննիսյանին: Այդ մասին Նարեկը զեկուցել է վերադասներին և բուժօգնության թույլտվություն խնդրել: Սակայն փոխարենը զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Կարապետյանը սկսել է ծեծի ենթարկել Նարեկին` գլուխը խփել պատին, ապա բռնությամբ նստեցրել մայոր Վարոսյանի անձնական օգտագործման ավտոմեքենան ու տարել են Վեդիի ՌՈ` առանց ծառայողական քննություն կատարելու:
Ռազմական ոստիկանությունում իմացել է, որ իրեն եռօրյա կալանք են տվել, սակայն չի իմացել, թե ինչի համար… Ավելի ուշ Նարեկի հրամանը չի կատարել Հայկ Սիմոնյանը` նշելով, «ծեծված ու ստորացված սպա ես, դիրքերում ես նույնպես քեզ ծեծել եմ, և դու չես խրատվել, հրամանը չեմ կատարելու, տեսնեմ, թե ինչ ես անելու», որի շուրջ նրանց միջև ևս վեճ ու քաշքշուկ է առաջացել: Եվ հետաքրքիր է, որ հակառակ այս հանգամանքներին, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Արմեն Բեկթաշյանի, վճռեց Անդրանիկ Քյոսեյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրօրի 358 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից պետի նկատմամբ բռնություն կիրառելը) և 365 հոդվածի 1-ին մասով (մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, ինչը կարող էր վտանգ ստեղծել Հայաստանի համար) և դեպքից միայն 17 ամիս անց կալանքի վերցնելուց հետո նրան դատապարտեց 3 տարի 9 ամիս ազատազրկման:
Անդրեյ Տրաշինին մեղավոր ճանաչեց նույն հոդվածներով և կրկին 17 ամիս անց կալանքի վերցնելով դատապարտեց 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման: Նարեկ Այվազյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրօրի 375 հոդվածի 1-ին մասով (իշխանազանցություն), 365 հոդվածի 1-ին մասով և դատապարտեց 3 տարվա ազատազրկման, սակայն դատարանը հաշվակցելով նրա` մեկուսացման մեջ գտնվելու 14 ամիսները, թողեց պատիժ` ազատազրկում 1 տարի 9 ամիս, որը պայմանականորեն չպետք է կիրառվեր: Նրան դատարանի դահլիճից ազատ արձակեցին` հրամանատարության հսկողությանը հանձնելով: Գագիկ Եղոյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրօրի 365 հոդվածի 1-ին մասով և դատապարտվեց 6 ամսվա պայմանական ազատազրկման:
Կողմերը վերաքննիչ բողոքներ էին ներկայացրել դատարան. Նարեկը պահանջել էր բեկանել դատավճիռը և իրեն առաջադրված մեղադրանքներով ճանաչել անպարտ և քրգործի վարույթը այդ մասերով կարճել, իրեն ճանաչել տուժող Տրաշինին ու Քյոսեյանին առաջադրված մեղադրանքներով, իսկ Հայկ Սիմոնյանի մասով բեկանել քրգործի մասը և այն ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննություն կատարելու: Իսկ Տրաշինն ու Քյոսեյանը պահանջում էին փոփոխել դատավճիռը` պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:
Վերաքննիչ քրեական դատարանն էլ Նարեկ Այվազյանին ճանաչեց տուժող, մնացած բողոքները մերժեց` միայն մի փոքր փոփոխելով ստորադաս դատարանի դատավճիռը. ՀՀ ԱԺ-ի ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշմամբ Նարեկ Այվազյանին ազատեց պատժից, և իրավունք վերապահեց քաղհայցով դիմել դատարան: Դատավճիռը մնացած մասով թողեց անփոփոխ: Ն.Այվազյանի պաշտպան Էդվարդ Չինարյանը, մի քանի վերապահումներ նշելով, ընդհանուր առմամբ գոհ էր վերաքննիչի որոշումից. «Վճիռը տրամաբանական էր, ուրիշ ձև չէր կարող լինել…
Դե քանի որ վերջնական արդյունքով համաներում պետք է կիրառվեր, չգնացինք դատարանի հետ հակամարտության` վճիռները բեկանելու: Նարեկը դատվածություն չունեցող է համարվում, քանի որ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա, պատժից ազատվեց, գործի վարույթը չկարճեց, որովհետև մենք համաձայն չէինք համաներում կիրառելուն… Եթե համաձայն չի, կարող ենք բողոքարկել Վճռաբեկ դատարան: Ոչ մեղադրանք, ոչ էլ դատվածություն ունեցող է համարվում»:










































