Շոտլանդիայի կառավարության ղեկավար Ալեքս Սելմոնդը պատճառ չի տեսնում ներկայիս արժույթից հրաժարվելու համար՝ սեպտեմբերի 18-ի հանրաքվեի արդյունքներով անկախության ձեռքբերման դեպքում: Այս մասին առաջին նախարարն ու տեղի Ազգային կուսակցության առաջնորդը հայտնել է BBC-ին:
«Ֆունտ սթեռլինգից հրաժարվելը, ինչը պնդում է բրիտանական կառավարությունը, անշահավետ կլինի մեր երկու երկրների համար,- կարծում է Սելմոնդը,- Շոտլանդիայի անցումը նոր արժույթի անխուսափելիորեն կստեղծի հավելյալ առևտրային և հարկային խոչընդոտներ, որոնք կհանգեցնեն արտահանումից շահույթի բազմամիլիոնանոց կորստի»: «Չեմ կարծում, որ Միացյալ Թագավորության շարքային քաղաքացիները պատրաստ են դրան»,- հավելել է նա:
Նախօրեին Էդինբուրգ էր ժամանել Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը, ով զեկույց էր ներկայացրել Շոտլանդիայի առանձնանալու տնտեսական հետևանքների մասին: Նա միանշանակ հասկացրել էր, որ Լոնդոնը թույլ չի տա անկախ երկրին պահպանել ֆունտ սթեռլինգը: Սելմոնդը կարծում է, որ այդ դեպքում նոր պետության տնտեսությունը սկզբնական շրջանում կլինի շատ խոցելի:
Օսբորնի խոսքով՝ ցանկացած արժութային միություն պահանջում է քաղաքական միություն, առանց որի միասնական դրամական միավորն անհնարին է:







































