Մենք հեղափոխությունն ենք ընտրել, Նիկոլը՝ մարդկանց։ Պարոն Հարությունյան Facebook-ում Ձեր այս գրառումով ի՞նչ նկատի ունեք՝ կադրային խնդի՞ր եք տեսնում «Առաջին լրատվական»-ի հարցին իրավապաշտպան Վարդան Հարությունյանը պատասխանեց․ «Մեծ նահանջ ես դեռ չեմ տեսնում։
Կարծում եմ՝ եթե մեր երկրի այս կարճ պատմությունը՝ 28-30 տարին, փուլերի բաժանենք, ապա մեր առաջին կարևորագույն հանգրվանը անկախության շրջանն էր, երբ հայտարարվեց, որ մենք պետք է լինենք անկախ հանրապետություն, այնուհետև դարձանք այդպիսին։ Հաջորդ շրջանը եղել է զինադադարի կնքումը, ապա 2008 թվականի մարտի 1-ը, և 2018 թվականի ապրիլ-մայիսյան հեղափոխությունը։ Այս թվարկածս չորս հանգրվանային կետերը մնալու են մեր պատմության մեջ մեկընդմիշտ, այսինքն՝ գործը, որ արվեց ապրիլ-մայիսին, էնքան կարևոր ու լուրջ գործ է, որ դրանից հետո եղած ոչ ցանկալի դրսևորումները չեն կարող դրան ստվերել, և ընդհանրապես, ապագան էլ չի ստվերելու դրան։ Այլ խնդիր է, որ միշտ էլ կադրային խնդիրը բարդ է լինում․ սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է։ Հաջորդ իշխանությունը նույնպես սխալվելու է, որովհետև կադրերի ընտրությունը պատասխանատվություն է նախատեսում, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի կադրերի սխալների համար պատասխանատու են ոչ թե այդ կադրերը, այլ Նիկոլ Փաշինյանը»։
«Ինչքան ժամանակ է պետք, որ կադրերի մեջ նորից ընտրություն կատարվի, ինչքան ժամանակ է պետք, որպեսզի կադրերից ոմանք հեռանան, նորերը գան, ես չեմ կարող ասել։ Բայց, որ մենք ժամանակ չունենք, դա հաստատ է։ Մենք կունենայինք ժամանակ, եթե լինեինք Ֆինլանդիայի կարգավիճակում, կամ Եվրոպայի կենտրոնում գտնվող մի փոքր երկիր, ինչպիսին կանք այսօր, բայց մենք գտնվում ենք մեր տարածաշրջանում, չափազանց բարդ իրավիճակում, պատերազմական իրավիճակում, շրջափակված ենք բոլոր կողմերից, և որպեսզի շնչահեղձ չլինենք, մեր ապրիլ-մայիսյան հեղափոխությունը պետք է շարունակի պահպանել իր այդ բարձր նշաձողը և օր առ օր քայլ անենք առաջ։ Իհարկե, հիասթափություն կլինի, որովհետև սիրված իշխանություն չի լինում։ Ցանկացած իշխանություն աշխարհի ցանկացած երկրում անպայման քննադատվում է»,- հավելեց իրավապաշտպանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










































