«Անցյալ տարվա հունիսի 5-ին ես ծեծի ենթարկվեցի: Առնվազն երկու հոգով ինձ լավ ծեծեցին, գլխիս էին խփում, կզակս ջարդեցին: Ես հիվանդանոցում էի: Օպերները եկան-գնացին, նկարներ ցույց տվեցին երկու հոգու, մեկին ճանաչեցի, մյուսին՝ ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց քաղաքացիական ակտիվիստ Վրէժ Զատիկեանը: Նա սկզբում մտածել է՝ այս ամենը պատահական խուլիգանական հարձակում է:
«Ինձ ասացին՝ մենք գտել ենք: Սա երկրորդ մարդն է: Ես էլ շատ ուրախացա, որ մի քանի ժամում բացահայտեցին: Դա հունիսի 5-ն էր, բայց մինչև հիմա այս գործը բացահայտված չէ: Եղավ մեկ առերեսում, որի ընթացքում ում դեմքը ճանաչեցի՝ բերեցին, վեց ամիս հետո նոր բերեցին առերեսման: Այդ ընթացքում քննիչը հուշող հարցեր էր տալիս: Նա սկսեց անպատվել՝ այն հույսով, որ ես էլ ռեակցիա տամ: Նա էլ սպասում էր տեսնել, թե ես ինչ կանեմ: Իմ փաստաբանն էլ միջամտեց, այդպես ավարտվեց»:
Վրէժ Զատիկեանը նշեց, որ այդ գործը դեռ բաց է, իրենք էլ հոկտեմբեր ամսին Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազին այս կապակցությամբ դիմում են գրել․ «Քննիչին հեռացրին նոյեմբեր ամսին, նրա փոխարեն ուրիշին բերեցին, բայց մինչ այսօր դեռ ոչինչ չի եղել: Այդ մարդուն բերեցին, ասաց՝ այո, իսկապես, ինքն է խփել, բայց այդ մարդն ազատության մեջ է հիմա»:
Բանախոսի խոսքով՝ սա շարունակությունն է ոստիկանության ապօրինի գործողությունների․ «Նրանք ազատ, անկախ պայքարող մարդկանց ճնշման են ենթարկում: Իմ կարծիքով՝ իրենք ասում են՝ տղա ջան, ռադդ քաշի-գնա Հայաստանից, ինչո՞ւ եմ սա ասում: Որովհետև սկզբում ասում էին՝ բա ե՞րբ ես գնալու Ամերիկա, ե՞րբ ես ուզում գնալ: Ես էլ ասացի՝ մինչև այս դատը չվերջանա, չեմ գնա: Բայց այսքան սպասեցի, ոչինչ չեղավ, իսկ վաղը ես գնում եմ Ամերիկա և անհանգստանում եմ, որ իրենք ուզում են, որ ես գնամ Ամերիկա, որ ինչ-որ բան անեն, ինչ-որ բան են ծրագրել, դրա համար եմ ես այս պատմությունը հանրայնացնում»:
Նրա խոսքով՝ ԱՄՆ դեսպանատունը վստահ է, որ այդ ծեծն ուղղորդված է եղել, իսկ ինքն այդ կարծիքին չէ: «Ես մեկ ամսով բացակայելու եմ, հուսով եմ՝ եթե ինչ-որ բան էին ծրագրել իմ դեմ անել՝ սա հանրայնացնելով այլևս չեն անի»։
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի










































