«Իշխանությունը չի գնացել այս ոչ պոպուլյար քայլին, որ որևէ ձևով այսօր ինչ-ինչ խնդիրներ լուծի: Իշխանությունն այսօր գնալով այդ քայլին, ըստ էության, միայն բացասական բոնուսներ է վաստակում, բայց գնում է դրան, որ հետագայում՝ տարիներ հետո, քաղաքացիների համար արժանապատիվ կյանք ապահովի: Սա է գաղափարախոսությունը»,- այսօր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը: Նա, սակայն, չցանկացավ խոսել կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման շուրջ հասարակության բարձրացրած աղմուկի, ընդվզման, բողոքի ակցիաների մասին:
«Ճիշտն ասած, ես աղմուկի մասին ոչինչ չեմ ուզում ասել: Դա քաղաքացիների սահմանադրական իրավունքն է, և շատ ավելի լավ է, որ մենք խոսենք կենսաթոշակային նոր համակարգի մասին»,- ասաց Նիկոյանը և սկսեց նկարագրել, թե ինչ է իրենից ենթադրում այս նոր համակարգը, ինչ դրական կողմեր ու առավելություններ ունի:
«Այս համակարգի հիմքում դրված չէ սերունդների համերաշխության խնդիրը, որ մի սերունդ աշխատի և մյուսի թոշակն ապահովի: Այս նոր համակարգն առաջարկում է, որ ամեն անհատ ինքը ձևավորի իր կենսաթոշակը: Ստացվում է, որ պետությունն ու աշխատողը միասին ձևավորում են իրենց կենսաթոշակը, որն ապագայում պետք է ստանան»,- ասաց Նիկոյանը՝ հավելելով, որ այս նոր համակարգի առավելությունն այն է, որ կուտակած կենսաթոշակը ժառանգելու հնարավորուոթյուն կա: Նիկոյանն ընդունեց, որ անվստահության, չհավատալու խնդիր կա, բայց հավելեց, որ ամեն նոր բան էլ նմանատիպ արձագանք է ստանում:
Բանախոսը բացառեց, որ հնարավոր է՝ այդ հիմնադրամները, ֆոնդերը սնանկանան, ինչի հետ հենց կապված է քաղաքացիների մտավախությունը:
Սամվել Նիկոյանը խոսեց նաև կառավարությանն անվստահություն հայտնելու ԱԺ ոչ իշխանական ուժերի պահանջի մասին: Նրա խոսքով՝ դա սովորական գործընթաց է, ընդդիմության առաքելությունը: «Բա ընդդիմադիր քաղաքական ուժ են, բա ի՞նչ պիտի անեն: Իրենց գործն էլ դա է՝ քննադատել և հրաժարական պահանջել: Նրանց պահանջը ոչ մի խնդիր չի կարող առաջացնել: ԱԺ-ում կառավարությունը ևս մեկ օր կդառնա քննարկման և քննադատության առարկա: Կքննարկեն, կքննադատեն, մի քիչ էլ կհայհոյեն, որից հետո քվեարկություն, չի անցնի, ու վերջ»:
Լուսանկարը՝ Photolure-ի










































