ՀՀ ԿԳՆ պատվերով Այ-Փի-Էս-Սի քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը 2013 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացրել է Հայաստանի պետական բուհերի ուսանողության Բոլոնիայի գործընթացին մասնակցության ուսումնասիրություն: Հետազոտությանը մասնակցել են Հայաստանի պետական բուհերի բակալավրիատում և մագիստրատուրայում առկա ուսուցմամբ սովորող, ՀՀ քաղաքացի հանդիսացող ուսանողներ: Ընտրանքի ծավալը` 1 202 ուսանող:
Այ-Փի-Էս-Սի քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի վերլուծաբան Սամվել Մանուկյանը, ներկայացնելով ուսումնասիրության տվյալները, նշեց, որ որոշակի սկեպտիցիզմ կա բարեփոխումների ընթացքի վերաբերյալ: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում, երևի թե առաջին անգամ, ուսանողների սոցիալական խնդիրների և կարիքների ուսումնասիրություն է իրականացվելու, որի արդյունքները ևս ներկայացվելու են հանրության դատին:
Ուսանողներին հարց է ուղղվել` ինչ է բոլոնյան գործընթացը: Բակալավրիատում եղել է տեղեկացվածության ցածր մակարդակ, մագիստրատուրայում` միջին: Հարցին` որտեղի՞ց են տեղեկացել այս համակարգի մասին, պատասխանը եղել է` միջանձնային շփումներ, ամբիոններ:
Սա, ըստ Մանուկյանի, կարևոր նշանակություն ունի. մնացած աղբյուրները` բացատրական գրքույկներ, ինտերնետային կայք, չնչին տոկոս են կազմում:
«Կրեդիտային համակարգի մասին ուսանողները գիտեն, բայց չգիտեն, որ այն բոլոնյան համակարգի մաս է կազմում, այս համակարգի մասին ևս տեղեկանում են միջանձնային շփումներից: Ուսանողներից հետաքրքրվել ենք` գիտե՞ք` ինչպես են հաշվարկվում կրեդիտները, պարզվում է` գիտեն մոտ կեսը, մյուսները չգիտեն` ինչպես են գնահատվում: Թե ինչ առարկաներ են անցնում հաջորդ կիսամյակում և ընդհանրապես` տեղեկացվածությունը բավական բարձր է:
Ռոտացիոն համակարգին հարցված ուսանողների 18 տոկոսն ինչ-որ կերպ մասնակցել են` անվճարից տեղափոխվել են վճարովի համակարգ կամ հակառակը: 85 տոկոսն ասել է, որ արդարացի է այս համակարգը, ինչն ուրախալի է»,- ասաց նա` հավելելով, որ այս դեպքում էլ միանշանակ չէ պատկերը. Լոռիում, օրինակ, գոհ են համակարգից, Շիրակում` ոչ այնքան: Համակարգն անարդարացի համարողները նշում են գնահատականների` անարդար, կողմնապահ, ծանոթով ստանալու մասին:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ գործընթացն արդյունավետ է: Նա կարևորեց ուսանողների պատրաստակամությունը` ներգրավվելու բուհերի կառավարման գործընթացում: «Հայաստանում, ցավոք, օտար լեզուների իմացության մակարդակը երիտասարդության շրջանում դեռ բարձր չէ: Մինչև ուսանողին պետք չի լինում լեզուն իմանալ, չի սովորում, կոնկրետ կիրառական, գործնական, ռացիոնալ մոտեցում ունեն ուսանողները: Շատ ուրախ եմ, որ բուհերում ամենավիճահարույց, կոռուպցիոն մեծ ռիսկերով ռոտացիոն համակարգը բավական բարձր, դրական գնահատական ունի, այսինքն` և՛ արդար է, և՛ արդարացված`չնայած որոշակի ռիսկայնությանը»,- ասաց նա:
Աշոտյանի կարծիքով` սա նաև ախտորոշիչ հետազոտություն է, որ բուհերի ռեկտորներին են ներկայացնելու: Նախարարը նշեց, որ աշխարհաքաղաքական վիճակը մեր ուսանողների մոբիլության վիճակը դարձնում է ոչ մատչելի, դժվարացնում պրոցեսը, սակայն, ցավոք, այս լուծումները միայն կրթական ոլորտում չեն:










































