ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նախորդ տարվա դեկտեմբերին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին քիչ թվով անվավեր քվեաթերթիկները համարում է հանձնաժողովի՝ իրազեկման ողջ ծավալով աշխատանքների իրականացման արդյունք: Մուկուչյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում պետաիրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստին իր ելույթում:
«Նախորդ տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններին գործեցինք ավելի սեղմ ժամկետներում: Ընտրությունների կարևորագույն խնդիրներից մեկը պայմանավորված էր ժամկետներով: Կար հանձնաժողովների ուսուցման կազմակերպման խնդիր: Հանձնաժողովներում ԱԺ խմբակցությունները կարող էին նշանակումներ իրականացնել բացառապես այն քաղաքացիներից, ովքեր անցել էին դասընթացներ և ունեին որակավորում: Եվ ընդամենը տասներկու օրվա ընթացքում կազմակերպվեց շուրջ 16 500 հանձնաժողովի անդամների ուսուցում»,-ներկայացրեց Մուկուչյանը:
Նա փաստեց` այդ ընտրությունների ժամանակ հանձնաժողովի անդամների շատ մեծ` ավելի քան 80 տոկոս մասնակցություն են ապահովել դասընթացներին: Համապետական ընտրությունների արդյունքում արձանագրվել է ընդամենը 4 706 անվավեր քվեաթերթիկ կամ այլ կերպ ասած՝ 915 տեղամասում որևէ անվավեր քվեաթերթիկ չի եղել: «Թվերը խոսում են այն մասին, որ չնայած ԱԺ քվեակարգի բարդությունների, անվավեր քվեաթերթիկների ցածր թվերը թույլ են տալիս ուղղակիորեն պնդել, որ թե հանձնաժողովի, թե իրազեկման աշխատանքները եղել են ամբողջական ծավալով»,- նշեց Մուկուչյանն ու հավելեց` իրազեկման աշխատանքների հետ կապված ևս իսկապես մեծ աշխատանք է տարվել:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին:








































