«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը:
– Պարոն Միքայելյան, վերջերս ազատամարտիկներին միավորվելու կոչով հանդես եկաք, որը իշխանափոխության հասնելու նպատակ է հետապնդում: Նախորդ տարի ազատամարտիկներն ակտիվություն ցուցաբերեցին, հանդես եկան հանրահավաքներով, բայց պառակտում տեղի ունեցավ: Ինչպե՞ս եք պատկերացնում ազատամարտիկների համախմբումը:
– Ազատամարտիկներն ազգի սերուցքն են, որոնք կարողացել են հաղթանակ արձանագրել: Պառակտումը, որի մասին նշեցիք, ոչ թե ազատամարտիկներից, այլ իշխանական թևից է եկել, ինչը պետք է գիտակցեն ազատամարտիկները: Ես այսօր կոչ եմ անում ոչ թե համախմբվեն որևէ կազմակերպության, այլ գաղափարի շուրջ՝ երկրի, պետականության, վաղվա օրվա շուրջ, որովհետև ազգովի գնում ենք կործանման: Պառակտելու խաղերը խաղացին իշխանությունները, իսկ տղերքը ազնվորեն տրվեցին այդ խաղերին և հայտնվեցին տարբեր ճամբարներում: Այսօրվա համախմբումը ոչ թե պարտավորություն է, այլ մեր երկրի ապագայի կայացման խնդիրն է, մեր արած գործի շարունակության ապահովումը: Տղաները, ովքեր իրենց գլուխը դրեցին հաղթանակի զոհասեղանին, արդյոք այս հայրենի՞քն էին ուզում: Դրա համար այսօր անկախ տարբեր ճամբարներում հայտնվելուց` մեր գերխնդիրը պետք է լինի պետության փրկությունը:
– Վերջերս Հայկազ Բաղմանյանը մեզ տված հարցազրույցում նշեց, որ սոցիալապես անապահով ազատամարտիկներին իրենք առաջարկում են աշխատանք, մինչդեռ նրանք հրաժարվում են՝ պատճառաբանությամբ, որ բարձր պաշտոններ են ուզում: Ձեր դիտարկումն այս հարցում ինչպիսի՞ն է:
– Այստեղ խնդիրը ազատամարտիկների աշխատավարձը չէ, այլ այն փաստը, որ տարիների ընթացքում նրանք դուրս են մղվել բոլոր տեսակի կառույցներից: Ես չգիտեմ, թե պարոն Բաղմանյանն ինչ է առաջարկել, բայց նա այդ տղաներից մեկն էր, և ես իրեն կառաջարկեի գնալ մի տեղ 150 հազար դրամով աշխատել, այն ժամանակ նա կզգար ազատամարտիկների դժվարությունները: Այսինքն՝ իշխանությունները բաժանել են, որ իշխեն, ինչը նրանց հաջողվել է: Եվ հիմա գումարի խնդիր չի դրված, այլ մեր երկրի ապագայի խնդիրը, որում մենք՝ ազատամարտիկներս, իրավունք ունենք մեր ձեռագիրն ունենալ: Ու բոլորովին ճիշտ չեն ոմանք, օրինակ` Սուրեն Սուրենյանցը, որ ասում է, թե «հրացանավոր մարդիկ չպետք է գան իշխանության»: Ինքը որտե՞ղ էր, որ ազատամարտիկները գաղափարի համար արյուն ու կյանք էին տալիս: Նույն բանն ասվել է 1998-1999 թվականներին: Այսօր Սուրեն Սուրենյանցի կարգի մարդիկ չպիտի որոշեն՝ ազատամարտիկներն ինչ գործունեություն պիտի ծավալեն պետության ու պետականության ամրապնդման համար: Այսինքն՝ Սուրեն Սուրենյանցի պես մարդը կարող է երկրի ապագայի մասին խոսել, իսկ ազատամարտիկը, որը կյանք ու գաղափար է դրել, երկիրն է պահել ու ազատագրել, իրավունք չպե՞տք է ունենա խոսել ու գործել: Ես նույնպես կողմ եմ, որ հրացանավոր մարդը պետք է հեռանա, ու այսօր այն ոչ հայանպաստ քայլեր կատարող հրացանավոր մարդիկ, որոնք եկել են իշխանության (Մարտի 1-ին էլ կրակեցին ժողովրդի վրա), պետք է հեռանան, որովհետև նրանք կարող են կրակել հայ մարդու վրա: Այդ «հրացանավոր մարդկանց» փողն ուղղված է հայ մարդու ուղղությամբ:
– Այս տարիներին մենք շատ ենք տեսել, որ շատ մարդիկ, որոնք ազատամարտիկ են եղել, երբ իշխանական ատյաններում տեղ են գրավել, անմիջապես կերպարանափոխվել են, մտածել են, որ կռված են, ուրեմն երկրի տերն են և իրենց ամեն ինչ կարելի է: Արդյոք այս վտանգավոր միտումը չէ՞:
– Բայց սա չի նշանակում, որ բոլոր ազատամարտիկներն այդ կերպ են մտածում ու գործում: Ազատամարտիկ հասկացությունն ընդհանուր առմամբ ազնվություն է նշանակում:
– Այսօր մենք ունենք քաղբանտարկյալներ, որոնք եղել են ազատամարտիկ: Նրանց ազատության համար արդյոք չպե՞տք է պայքարեն նույն ազատամարտիկները: Նկատի ունեմ Շանթ Հարությունյանին և նրա ընկերներին, նաև Վոլոդյա Ավետիսյանին:
– Եթե Վոլոդյա Ավետիսյանը, իշխանությունների ասելով, ենթադրենք` կաշառք էր վերցրել երկու տարի առաջ, ինչո՞ւ իշխանություններին դեմ լինելով երկու տարի հետո ազատազրկվեց: Այսինքն՝ գործը շինծու է, և մենք գիտենք, որ այս տարիների ընթացքում շատ մարդիկ իրենց ազատ խոսքի համար հայտնվեցին ճաղավանդակների հետևում, ինչպես Վոլոդյա Ավետիսյանը: Բնական է` Վոլոդյա Ավետիսյանը քաղբանտարկյալ է: Այսինքն՝ ակնհայտ է, որ նրան քաղաքական նկատառումներով են բանտարկել:
Շանթ Հարությունյանն իր համախոհների հետ միասին արդարության համար պայքարում այդ ձևաչափի մեջ իրենց վրդովմունքը արտահայտեցին անճարությունից ելնելով: Նրանք ցույց տվեցին, որ այս ժողովուրդը կարող է մի օր պոռթկալ: Այս իշխանությունները ժողովրդին դրդում են գնալ քաղաքացիական պատերազմի, ինչը շատ վտանգավոր է: Ցավոք, իշխանությունները դաս չեն քաղում նման տղաների արած քայլերից, նրանք միայն ուզում են ցույց տալ, որ իրենք հզոր են, կապ չունի երկիրը, պետականությունը ինչ կլինեն: Իսկ սա կործանման տանող ճանապարհ է: Իշխանությունները շարժվում են գիշատիչի օրենքով ու հոգեբանությամբ՝ «Կեր, որ քեզ չուտեն»: Դրա համար էլ ես կարծում եմ, որ միակ ելքը իշխանափոխությունն է:
– Այսինքն՝ իշխանություններն այդքան հայատյա՞ց են, թե՞ պարզապես չեն տիրապետում իրավիճակին:
– Ոչ թե չեն տիրապետում իրավիճակին, այլ նրանք իշխանության են եկել ոչ թե ժողովրդի ձայների շնորհիվ, այլ դրսի ուժերի թելադրանքով, լինի Ռուսաստան, թե Արևմուտք, թե Եվրոպա` այդ երեքն էլ իրենց շահերից ելնելով նրանց հնարավորություն են տվել ազատորեն գործել երկրի ներսում և ներել են ամեն ինչ՝ սկսած կեղծված ընտրություններից: Դրսի ուժերը ցանկացել են այստեղ իրենց քաղաքական շահը պահպանել՝ ի դեմս երեք խոշոր կենտրոնների (Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա): Շախմատում մի օրենք կա՝ «ձեռք ես տվել, պիտի խաղաս»: Հիմա նրանք դրսի ուժերի թելադրանքով ձեռք են տվել, պիտի խաղան նրանց խաղը: Այս իշխանությունները օտար են, քանի որ ժողովրդի քվեով չեն եկել իշխանության և նրա ցավերով չեն առաջնորդվում: Դուք տեսե՞լ եք մի պետություն, որը պետականորեն արտագաղթ կազմակերպի…մեր իշխանություններն այսօր դա անում են:
– Կարծում եք, որ մեր անկախության պատմության մեջ այսքան թույլ երբեք չե՞նք եղել և դրա համար անհրաժեշտություն եղավ ազատամարտիկներին ու քաղաքացիներին համախմբման կոչ անել:
– Անկասկած հավատի անկում կա: 1990-94, մինչև 1996 թվականներ մարդիկ ավելի վատ վիճակում էին ապրում, հացը կտրոնով էին տալիս, բայց հավատ կար, պատերազմում էինք, հաղթանակի ոգին կար, բայց այսօր հաղթանակած ժողովուրդն իր հաղթանակի գինը չզգաց՝ շնորհիվ այս իշխանությունների: 1999-ից հետո այս իշխանությունները թույլ չտվեցին, որ մարդիկ այդ արժեքը զգան: Դրա համար այսօր հրամայական է նման կոչ անել, որ ամեն մի հայ, ամեն մի մարդ պայքարի այսօր, քանի որ վաղը ուշ կլինի: Իշխանություններն այսօր վախի մթնոլորտ են ձևավորել հանրապետությունում, և այդ մթնոլորտը պետք է փոխի միայն ազատամարտիկն իր արիությամբ, իր գեներով:
– Կարծում եք՝ հնարավո՞ր է այդ ազատամարտիկներին համախմբելով կասեցնել արտագաղթը:
– Նպատակը հենց այդ արտագաղթի կասեցումն է, որն ահռելի վտանգավոր չափերի է հասնում: Մենք ունենք դարավոր թշնամի և մենք մեր աշխարհագրական դիրքով պարտավոր ենք լինել հզոր նաև մեր ժողովրդով, տնտեսությամբ և բանակով:











































