Փաստաբան Հայկ Ալումյանը ստանձնել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու պաշտպանությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ալումյանը նշեց, որ կատարվածի վերաբերյալ նախապես իր ունեցած կարծիքն էականորեն փոխվեց Ղուկասյանի պաշտպանությունը ստանձնելուց, գործի մանրամասներին ծանոթանալուց հետո:
«Անկեղծ ասած` նախքան համացանցում տեսանյութի տեղադրումն ու այն տեսնելս բոլորովին այլ կարծիք ունեի այդ ամենի վերաբերյալ, դուք հիշում եք` ինչ կերպ էր այդ դեպքը նկարագրվում, չէ՞: Ճիշտն ասած` եթե իմանայի, որ տեղի է ունեցել այն, ինչ նկարագրվում էր, ապա վստահ չեմ, որ կստանձնեի այդ պաշտպանությունը, բայց երբ նայեցի տեսանյութը և համադրեցի նրա հետ, թե ինչպես է այդ դեպքը նկարագրվում, տեսա, որ ոչ մի ընդհանուր բան չունեն այն, ինչ տեսանյութում կա և այն, ինչ նկարագրվում է»,- ասաց նա: Ալումյանի խոսքով` այս դեպքը` որոշ մանրամասներով (տեսանյութի մեջ եղած սլաքներ, հնչող կրակոցներ և այլն) իրեն հիշեցրել է Սյունիքի մարզպետարանի հայտնի մեկնաբանությունները Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածի վերաբերյալ կեղծված տեսանյութի առնչությամբ:
«Այս տեսանյութում, որ տեղադրվեց, դարձյալ սլաքներով նշումներ կան. ինչ-որ շատ նման ձեռագրեր են: Հետո, ավելի խորանալով, ավելի մանրամասն ուսումնասիրելով խնդիրը` տեսա, որ ոչ մի սկզբունքի չի հակասում այս գործը վերցնելը, իսկ թե իրականում ինչ է տեղի ունեցել, դա կտեսնենք, կհամոզվենք»,- ասաց նա:
Հարցին` ի վերջո, ի՞նչ է կատարվել իրականում, փաստաբանը պատասխանեց, որ կարող է ասել` ինչ չի կատարվել. իսկ չի կատարվել այն, ինչում ի սկզբանե մեղադրում էին Սպարտակ Ղուկասյանին: Նա նաև հավելեց, որ դա իր համոզմունքն է, վկա չի եղել, որ ասի`այնտեղ էր, այդպիսի բան չի եղել, սակայն մինչ այժմ իր ունեցած, հավաքած տվյալների հիման վրա կարող է կարծիք հայտնել ու ասել` այն, ինչ վերագրվում էր Սպարտակ Ղուկասյանին` համացանցում ու ոչ միայն համացանցում, տարբեր հրապարակումներում, իրականում տեղի չի ունեցել:
«Այդ ապատեղեկատվության մեջ ևս կարող են լինել ճշմարտությանը մոտ ոչ էական բաներ, որ նշանակություն չունեն, բայց այն տեղեկությունների առթիվ, որ տարածվում էին` հայհոյանքներ, կրակոցներ, իմ համոզմունքն է` իրականում այդպես չի: Նորից եմ ասում` ես վկա չեմ եղել, բայց հարցի մեջ բավական խորանալուց հետո այս համոզմունքին եմ եկել»,- ասաց նա: Ի պատասխան հարցին` արդյոք գործի վրա էական ազդեցություն կարո՞ղ է ունենալ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հանրության տրամադրվածությունն ու վերաբերմունքը, փաստաբանը կարծիք հայտնեց, որ այս գործի համար դա նշանակություն չպիտի ունենա, կանխատեսում է, որ չի ունենա, որովհետև երբ հասարակությունը դատավարության ընթացքում տեսնի` ինչ էր վերագրվում Սպարտակ Ղուկասյանին, և ինչն էր իրականությունը, ապա վերաբերմունքը այս գործի և հենց իր` Սպարտակի նկատմամբ կարող է փոխվել կտրականապես:
Հետաքրքրվեցինք` այս միջադեպի շուրջ բարձրացված աղմուկն ո՞ւմ էր պետք, Ալումյանը պատասխանեց. «Տեսեք` ո՞վ շահեց արդյունքում, այսինքն` դեռ կարող է պատահել այս պահին դա չերևա, բայց այս ամենի արդյունքում կնայեք` ով շահեց, ու ձեզ համար պարզ կլինի` ում էր դա պետք: Առայժմ ես որևէ ձևով չեմ կարող առաջ ընկնել ու դա ասել, առավել ևս, որ դրա վերաբերյալ դատողություններն էլ միշտ չի, որ իրավական հարթության մեջ է պետք անել. այդպիսով արդեն մի քիչ կարծեք իրավաբանական ոլորտից դուրս կարող է գնալ, եթե սկսեմ նման դատողություներ անել, իսկ ես դա չէի ցանկանա»:
Փաստաբանը տեղեկացրեց, որ գործով նախաքննությունը շարունակվում է, ապա հավելեց, որ իր համար տարօրինակ է` այս պարզունակ, պրիմիտիվ վիճակում ինչու՞ է այսքան երկարում նախաքննությունը, ու թեև չի կարծում` այստեղ որևէ միտում լինի, այստեղ, հնարավոր է, կա իրական կամ կեղծ ծանրաբեռնվածություն, կամ գուցե փորձում են նյութ գտնել, չեն կարողանում: Գործին կցված տեսանյութն, ըստ Ալումյանի, պետք է որ չաղավաղված օրինակը լինի, չմոնտաժվածը:Նա նաև մանրամասնեց` սովորաբար «մոնտաժ» ասելով՝ մի քիչ նեղացնում են սահմանը, երբ կողմնակի միջամտություն է լինում, մոնտաժը մի քիչ նեղ են հասկանում` կտրեցին մի բան, ապա երկու կտորները միացրին իրար, մինչդեռ միջամտությունը, ցանկացած միջամտություն, կարող է համարվել մոնտաժ: Համացանցում տեղ գտած տեսանյութում առկա սլաքները, Ալումյանի խոսքով, արդեն իսկ մոնտաժ են: «Դա ինձ լավ բան չի հուշում. նայում ես, նայում, չես տեսնում, ուղղորդում են սլաքներով»,- ասաց նա:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, սակայն, մինչ օրս փաստաբան չունի: «Փաստաբան չունենք, անհրաժեշտություն էլ չենք տեսնում փաստաբան ունենալու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Բալասանյանի խոսնակ Զոհրապ Եգանյանը: Նա նաև տեղեկացրեց` փաստաբանի կարիք չունեն, քանի որ իրենք հանցագործության մասին հաղորդում չեն ներկայացրել, քրգործը հարուցվել է լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Դուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով: Նա հունվարի 21-ին ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը, նրա հասցեին հայհոյանքներ, սպառնալիքներ հնչեցրել: Քաղաքապետը, սակայն, այդ ժամանակ տանը չի եղել: Մամուլի տեղեկություններով՝ Սպարտակ Ղուկասյանը սպառնացել է «խփել տալ» Բալասանյանին:










































