Գերմանիայի Դրեզդեն քաղաքի կենտրոնում հինգշաբթի օրը մոտ 11 հազար մարդ կենդանի օղակ են կազմել՝ ի հիշատակ 1945թ. պատերազմի և ռմբակոծությունների զոհերի: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Բացի այդ, այս կերպ նրանք արտահայտել են նաև իրենց բողոքը նեոնացիստների դեմ, ովքեր յուրաքանչյուր տարի փորձում են այդ օրն օգտագործել սեփական երթ կազմակերպելու և գաղափարախոսությունը քարոզելու համար:
Հիշեցնենք, որ Դրեզդենը ռմբակոծվել է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից 1945-ի փետրվարի 13-15-ը: Արդյունքում ոչնչացվել է քաղաքի պատմական կենտրոնը: Մինչ օրս հնարավոր չէ ճշգրիտ ասել, թե այդ օրերին որքան մարդ է զոհվել: Որոշ գնահատականներով՝ կյանքից զրկվել է մոտ 25 հազար մարդ:











































