«Փակ շուկա»-ի երկրորդ հարկի շինարարությունը մինչ օրս չի ավարտվել, սակայն ավարտին է հասցված Prospekt Café անունով սրճարանի կառուցումը, որի մուտքն առանձին է շուկայի մուտքից: Օրերս տեղեկատվություն էր տարածվել, թե երկրորդ հարկի շինարարության ավարտից հետո բացվելու է «Պրոսպեկտ մոլ» խանութների ցանց, որտեղ կկենտրոնանան մի շարք բրենդային խանութներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Փակ շուկա»-ի շենքի պատասխանատու Ռազմիկ Դավթյանն ասաց, որ իրականում երկրորդ հարկում լինելու են խանութներ, որտեղ վաճառվելու են հագուստ և այլ պարագաներ, սակայն դա չի կոչվելու «Պրոսպեկտ մոլ»: «Առաջին անգամ եմ լսում «Պրոսպեկտ մոլ», իրականում նման հասկացություն չկա, ինչի՞ մասին է խոսքը, օրինակ՝ Կոմիտասի «Երևան Սիթի»-ի երկրորդ հարկում շորերի խանութներ կան, բայց հո «Կոմիտաս մոլ» չե՞նք ասելու»,- հավելեց նա:
Ռ. Դավթյանը նաև ասաց, որ եթե երկրորդ հարկի նախագիծ կար, այժմ էլ շինարարություն է ընթանում, նշանակում է, որ խանութներ լինելու են, անգամ արդեն դիմում են վարձակալության համար: Շինարարության պատճառով դեռևս հստակ չէ, թե ովքեր կվարձակալեն խանութները, սրճարանն էլ արդեն պատրաստ է, բայց չի աշխատում, փոշու մեջ ինչպե՞ս աշխատենք»:
Նշենք նաև, որ «Ֆեյսբուք»-ում բացված «Պրոսպեկտ մոլ» խումբն այլևս չկա, մինչդեռ այս էջում անգամ հեռախոսահամար է եղել, որի միջոցով հնարավոր էր տարածք պատվիրել:
Մեզ չթույլատրեցին նաև նկարահանել տարածքը՝ պատճառաբանելով, որ իմաստ չունի նկարել շինարարությունը:







































