2 ալբինոս ալիգատոր է հայտնվել փարիզյան ակվարիումներից մեկում: Հազվադեպ հանդիպող կենդանիներին այստեղ են բերել Ֆլորիդայի ձկան ֆերմաներից մեկից՝ հայտնում է Reuters-ը:
Ակվարիումի աշխատակիցներից մեկի խոսքով՝ աշխարհում կա նման կենդանիների ընդամենը 3 տասնյակ:
«Մեր բախտը շատ է բերել, որ մենք ստացել ենք 2 ալիգատոր: Նրանց օրգանիզմը չի կարողանում արտադրել մելանին, որը պատասխանատու է պիգմենտավորման համար, այդ իսկ պատճառով կենդանիներն ունեն զուտ սպիտակ գունավորում»,- պատմել է արևադարձային ակվարիումի տնօրենը:
Նման հազվադեպ ծնվող ձագերի համար հարկավոր է, որ երկու ծնողներն էլ ունենան գեն, որը պատասխանատու է ալբինիզմի համար:
Բացի այդ՝ սպիտակ կոկորդիլոսները չեն կարողանում ապրել բնական պայմաններում՝ նրանք փոքր ժամանակ դառնում են գիշատիչների զոհ:
Մելանինի բացակայության պատճառով նրանց համար մահացու է նաև արևի լույսը:






































