ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում փորձեց վստահեցնել, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը միայն բարեփոխումներ կբերի: Նա չհամաձայնեց այն տեսակետներին, որ Հայաստանի բնակչության մեծ մասը դեմ է այդ համակարգին:
«Երբ ասում էին, թե ինչու պարտադիր, բացատրեմ. որովհետև սովորական քաղաքացին 40 տարում իր գումարները չի կարող կառավարել, դրա համար առաջացավ պարտադիր կուտակայինը, որ այդ ֆունկցիան փոխանցեք պետությանը, որպեսզի ամեն ընտրության ժամանակ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր վրա չվերցնի թոշակները բարձրացնելու գործառույթը:
Ես մտածում եմ, որ կա ռեֆորմ, այն կկայանա, յուրաքանչյուր քաղաքացի կդառնա սեփական գումարները վերահսկելու միակ մեխանիզմ: Քաղաքացիների բոլոր գումարները պետական բյուջեի կողմից երաշխավորված են:
Լրագրողների այն դիտարկմանը, թե սա պարզապես մեծերին թոշակ ապահովելու համար է արվում և ոչ կենսաթոշակ ապահովելու, բանախոսն ասաց. «Մենք գիտենք, որ թոշակի գնացողների մեծ ալիք է սպասվում, բայց սա և այս ռեֆորմը իրար հետ բացարձակ կապ չունեն: Մենք քո ծնողի համար չենք ապահովում, մենք գումարը վերցնում ենք, որ ձեր կենսաթոշակը ապահովենք»:
Հարցին, թե կա՞ արդյոք մի երկիր, որ այս համակարգը կիրառել է և շահել, Հակոբ Հակոբյանն ասաց. «Առաջին երկիրը Չիլին է, այնտեղ մարդիկ արդեն կենսաթոշակ ստացել են, հասել է մեծ հաջողության: Ռուսաստանը ոչ թե անցել կամ սառեցրել է, նրանք քննարկել են որոշակի փորձնական ճանապարհ են անցել, հետո տեսել են, որ իրենց ձեռնտու չէ, և չեն կիրառել»:
Նա հավելեց, որ այս համակարգը եվրոպական երկրներում ևս գործում է, բայց ոչ թե պետությունն է օրենքով պարտադրում, այլ գործատուն է պարտադրում. «Մենք գնացինք պարտադիրին, որովհետև դրա համար 30-40 տարի պետք է, որ կամավոր պարտադիր սկզբունքը դարձնենք սովորույթ:
Բանախոսը, անդրադառնալով այն հանգամանքին, որ երկրում այս կապակցությամբ կան բողոքի ակցիաներ, ասաց. «Գործատուները փորձում են ինչ-որ չափով բարձրացնել և փոխհատուցել այդ 5 տոկոսը, և հենց նրանք են ձեր ասած բացարձակ մեծամասնությունը»:
Հակոբյանը նշեց նաև, որ այս փոփոխությունից հետո քաղաքացին կստանա բարձր կենսաթոշակ, բացի դրանից էլ՝ նշված գումարները կծառայեն երկրի տնետսության զարգացմանը, կստեղծեն աշխատատեղեր:
Պատգամավորից հետաքրքվեցին նաև, թե կարո՞ղ է արտակագ դրության դեպքում մարդն իր գումարը վերցնել, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Եթե կյանքին սպառնացող վտանգ չէ, ապա մնում է կենսաթոշակ»:
Նրա խոսքով՝ եթե ՍԴ-ն որոշի, որ սա հակասահմանադրական է, ապա այս դեպքում գործողություններն ամբողջությամբ կկասեցվեն:
Հակոբյանն ավելացրեց, որ ինքը կամավոր միանալու է այս ռեֆորմին:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի








































