«Դեռ կառավարության ծրագիրը Ազգային ժողովում, խմբակցություններում, հանձնաժողովներում չքննարկած՝ արդեն առանձին ուժեր և մարդիկ ունեն իրենց տեսակետը, և հիմնական քննադատությունն այն է, որ շատ քիչ թվեր կան դրանում: Ինձ թվում է, որ գոնե արտաքին քաղաքականության մեջ չէին ակնկալում, որ թվեր պետք է լինեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով կառավարության ծրագրի հասցեին հնչած քննադատություններին:
Նրա խոսքով՝ իրենք հասկանում են, թե ուր պետք է գնա Հայաստանը. «Ռուսաստանի հետ մենք շարունակում ենք ոչ միայն ունենալ այն ֆորմատը, որ եղել է, այլև փորձում ենք Ռուսաստանի հետ աշխատել բաց, ազնիվ և կոնստրուկտիվ: Հայաստանը փորձում է ներկայացնել իր շահը, իհարկե՝ մեր գործընկերները դրան սովոր չեն, բայց ինձ թվում է՝ դա ճիշտ ֆորմատ է, և Հայաստանը կշարունակի ներկայացնել այնտեղ մեր ժողովրդի և մեր պետության շահը»:
Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին, Հովհաննես Իգիթյանը նկատեց, որ ծրագրում նշված է, թե մենք ինչ ենք, այսպես ասած, ուզում Եվրամիությունից, և ինչ սպասելիքներ ունի ԵՄ-ն մեզնից. «Ցանկացած հարաբերության մեջ կա երկկողմանի վեկտոր: Ինձ թվում է՝ այստեղ լիարժեք համաձայնություն կա մեր ու Եվրամիության միջև. ԵՄ-ն համոզված է, որ Հայաստանը փորձում է և արդեն իրականացրել է համաձայնագրում նշված որոշ կետեր, և որ բացակայում է իմիտացիոն քաղաքականությունը»:
Մեր զրուցակցի խոսքով՝ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության նկատմամբ ցուցաբերված բարյացակամ վերաբերմունքը պայմանավորված է մեր ազնիվ ընտրություններով:
Դիտարկմանը՝ որքանո՞վ են արդարացված այն մտահոգությւոնները, որ հայկական դրոշի ներքո 83-հոգանոց խումբ է ուղարկվել Սիրիա, Հովհաննես Իգիթյանն ասաց. «Ես շատ բացասական եմ վերաբերվում այն հայտարարություններին՝ հիմնականում նախկին իշխանության, որոնք առանց պարզելու հարցը՝ արդեն այդ խումբը հայտարարել են նոն գրատա: Դա շատ վտանգավոր է: Նախկին իշխանությունը իր ատելությամբ կարող է գնալ մինչև վնաս հասցնելուն և աշխարհաքաղաքական աղմուկ է բարձրացնում: Նրանք աղմուկ են բարձրացնում, իսկ Թուրքիայի իշխանությունները՝ ոչ: Եթե դա լիներ այն, ինչ ներկայացնում են նախկին իշխանությունները, պատկերացնո՞ւմ եք՝ Թուրքիան ինչ աղմուկ կբարձրացներ»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































