«Մշակութային ոլորտում փոփոխություններն ավելի քիչ են, քան մյուս ոլորտներում: Հեղափոխությունից հետո բոլորը մտածում էին մշակութային հեղափոխության մասին, սակայն այդ ոլորտում հեղափոխություն չկա»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է փոխվել Հայաստանում մշակութային միջավայրը և ինչպես է դա արտացոլվել մշակութային սուբյեկտը կրող մարդկանց վրա:
Մշակութային մարդաբանի դիտարկմամբ՝ ամենաշատը կարիք կա խմբակային արժեհամակարգից անցում կատարել մարդակենտրոնության կամ հումանիստական արժեքների, որի հիմքում ընկած է մարդու ստեղծագործականության բացահայտումը, դրա զարգացումը և ռեալիզացումը: Նրա կարծիքով՝ դա կարևոր է նաև քաղաքական տեսանկյունից. «Դա ազդում է նաև քաղաքականության վրա և կառավարման համակարգի ու պետական ինստիտուտների առաջնային խնդիրը նույնպես դարձնում է մարդու ստեղծագործականության բացահայտմանը ծառայելը»:
«Հաճախ է խոսվում ստեղծարար տեխնոլոգիաների կամ տնտեսության ստեղծարար ոլորտների զարգացման մասին, բայց դա շատ դժվար է իրագործել, եթե մշակույթում նման փոփոխություններ չկան, և տնտեսությունը չի կարող մարդուն դարձնել իր գլխավոր դերակատարը»,- նշեց Ա. Թադևոսյանը:
Մշակութային մարդաբանի խոսքով՝ մշակութային հեղափոխության իրագործում տեղի է ունենում, երբ հասարակությունը խորքային փոփոխություններ է ունենում իր մեջ, և գլխավոր փոփոխությունները վերաբերում են մեգաարժեքներին, որոնք ընկած են մյուս արժեքների հիմքում: «Այդ արժեքներն են հավասարությունը և ազատությունը: Մեզ մոտ կա ձգտում դեպի արդարության, բայց հավասարությունը և ազատությունը առանձնապես կարևոր չեն համարում: Ավելին՝ մեզ մոտ ազատությունը շատերի մոտ հասկացվում է բացառապես կապված սեքսուալ վարքագծի հետ, և վախենում են, որ այդ ոլորտում կարող է ազատություն լինել, բայց ազատությունն առաջին հերթին մարդու սեփական անհատականության բացահայտումն է և ինքնաիրացման ազատությունն է»,- նշեց Ա. Թադևոսյանը՝ հավելելով, որ կառավարող էլիտաները կարող են ազատությունը խթանող քայլեր ձեռնարկել բոլոր ոլորտներում:
Մանրամասն՝ տեսանյութում:









































