Ինչպես այսօր գրել է The Guardian-ը մերձավորարևելյան խնդիրներին վերաբերող իր բլոգում, Սիրիայի կենտրոնում գտնվող Համա քաղաքը գտնվում է Բաշար Ալ-Ասադի ռեժիմի վերահսկողությունից դուրս: Տեղի բնակիչների խոսքերով, որոնց հղում է անում թերթը, արդեն մի քանի շաբաթ է, ինչ քաղաքում չկան ոստիկաններ, զինվորականներ, կենտրոնական իշխանության ներկայացուցիչներ: Հանված են բոլոր ուղեկալները, հանված են Ասադների նկարներն ու արձանները:
Նշվում է, որ քաղաքում տոնական տրամադրություն է: Իշխանությունը պարզապես չգիտի, թե ինչ անի իր դեմ տրամադրված մի ամբողջ քաղաքի հետ, որտեղ 1980 թ. Բաշար Ալ-Ասադի հայրը՝ Հաֆեզը, ճնշել է այստեղ ծագած ապստամբությունը՝ սպանելով առնվազն 20 հազար մարդու:
Նմանատիպ իրավիճակ է Եփրատ գետի հովտում գտնվող Դար Ալ-Զաուր քաղաքում, որտեղ նույնպես զորք չի մտցվում` վախենալով զոհերի մեծ քանակից: Նշվում է, որ իշխանությունները պարզապես չեն ցանկանում հակամարտության գնալ ժողովրդի հետ հուլիսի 10-ին նշանակված ազգային երկխոսությունից առաջ:










































