ՀՀ Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը, այսօր «Արցախ» ակումբում անդրադառնալով Ստրասբուրգում Սերժ Սարգսյանի ելույթին, ասաց, որ նրա որոշ մտքեր Հայաստանում թյուր կարծիքներ ձևավորեցին:
«Երբ խոսք գնաց երկու երկրներում հասարակությունների տրամադրությունների մասին՝ պատերազմ և խաղաղության տեսանկյունից, կարծում եմ՝ ՀՀ նախագահի շատ հստակ պատասխանը միջազգային հանրությանը, որ Հայաստանը, անսալով միջազգային հանրության ցանկություններին, իր հասարակությանը նախապատրաստում է խաղաղության, պատերազմի, ռևանշիզմի քարոզներ չի անում՝ դրան հակառակ Ադրբեջանը այդ քարոզը անում է՝ իր ժողովրդին պատրաստելով պատերազմի, ու սա ևս մեր կողմից զիջում է: Պատկերացրեք, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում պետություններից մեկը իր հասարակությանը, անսալով հենց միջազգային հանրության խնդրանքին, խաղաղության քարոզ է անում: Մյուս կողմը հասարակությանը նախապատրաստում է պատերազմի: Սա իսկապես մեր կողմից զիջում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, որը Հայաստանում շատ սխալ մեկնաբանվեց: ՀՀ նախագահի կողմից շատ ճիշտ և տեղին ներկայացվեց սա՝ որպես Հայաստանի կողմից ևս մեկ զիջում: Չասենք նաև, որ Հայաստանի կողմից զիջում է այն, որ մենք այսօր չենք ճանաչում ԼՂ անկախությունը, սա ևս զիջումներից մեկն է: Այսինքն՝ Հայաստանը զինադադարի պայմանագրից հետո իր գործունեության այս 17 տարիների ընթացքում այդ բոլոր զիջումները քայլ առ քայլ արել է: Եվ անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը մենք ցույց տանք՝ հարգելիներս, այլևս Հայաստանը զիջման գնալու տեղ չունի, որովհետև որևէ զիջում չի բերել Ադրբեջանի դիրքորոշման ավելի մեղմացման կամ ռազմատենչ հայտարարությունների դադարեցման»,- հայտարարեց Գ. Իսագուլյանը:
«Առաջին լրատվական»-ը հարց բարձրացրեց. եթե Գ. Իսագուլյանը ամրագրում է, որ այլևս «Հայաստանը զիջման գնալու տեղ չունի», իսկ Կազանից հետո պաշտոնական Երևանը ՀՀ ԱԳ նախարարի մակարդակով հայտնեց, որ Ադրբեջանը Կազանում տասը առաջարկություն է ներկայացրել, ստացվում է, որ նույնիսկ այս պայմաններում պաշտոնական Բաքուն է շարունակում առաջարկություններ անել։ Ինչո՞ւ չի պաշտոնական Երևանն այդ դեպքում առաջարկություններ անում։ «Հիմա այլևս զիջումներ չեն արվում… Բնականաբար, Ադրբեջանը միշտ տեսել է, որ Հայաստանը՝ որպես հաղթող կողմ, երբեմն ավելի մեծահոգի է և ստրատեգիական առումով առանձնապես ոչ մեծ, Հայաստանի համար ողբերգական նշանակություն չունեցող խնդիրներում գնացել է զիջման, և որոշել է ախորժակը ավելի մեծացնել: Բայց կար սահման, որից այն կողմ Հայաստանն ուղղակի չի գնա: Եվ առանց Ղարաբաղի մասնակցության ցանկացած ֆորմատով բանակցություն խորհրդակցություններ են: Սա էլ խնդրում եմ նկատի ունենալ»,- ասաց Ս. Սարգսյանի ներկայացուցիչը:
Այնուհետև նա դարձյալ հավելեց, որ բոլոր կարգի հանդիպումները, բանակցությունները, փոխադարձ այցելությունները կրում են խորհրդակցական բնույթ. «Դրանք լիարժեք բնույթ կունենան, երբ որ ԼՂՀ-ն լիարժեքորեն կմասնակցի բանակցություններին: Ես կարծում եմ՝ հիմա, երբ Հայաստանը այս զիջումներն արել է, և կոնստրուկտիվ ոչ մի տեղաշարժ չկա Ադրբեջանի կողմից, Հայաստանի հաջորդ քայլը լինելու է հետևյալը՝ ԼՂ-ն, ուրեմն, պետք է լիարժեքորեն մասնակցի: Հետևյալ ֆորմուլան կա՝ Հայաստանը ԼՂ-ի կողքին է, բայց նրա փոխարեն չի»:
Գ. Իսագուլյանը նաև կարծիք հայտնեց, թե մոտակա երկու տարիներին մենք կունենանք ավելի մեկուսի վիճակ. «Թե եռանախագահող երկրներում է նախընտրական շրջան, թե Հայասատնում և թե Ադրբեջանում: Չեմ կարծում, թե հիմա կարգավորման գործընթացում լուրջ փոփոխություններ լինեն, բայց կարծում եմ, որ եթե լինելու է ինչ-որ բան, ապա լինելու է զինադադարի մասին ինչ-որ փաստաթուղթ, որը կարող է ստորագրվել, որից հետո կարող է բանակցությունների սեղանին հայտնվեն ուրիշ փաստաթղթեր: Բայց այն, որ ուրվագծվեց սահմանը, որից ներքև Հայաստանը այլևս չի գնա՝ սա, կարծում եմ, շատ հստակ է, և դիվանագիտական այն բոլոր միջոցառումները, որ արվեցին ՀՀ նախագահի կողմից, շատ ճիշտ էին հաշվարկված: Մեր կողմից բավական լուրջ աշխատանք է կատարվել։ Դեռ 2010-ին ՀՀ նախագահի կողմից շատ լուրջ քայլ էր արվել, որը գուցեև կանխել է ավելի վատ փաստաթղթերի առկայությունը և գոյությունը,- տեղեկացրեց Գ. Իսագուլյանը՝ խոստովանելով,- մեզանում ավանդույթը այլ է. այդ աշխատանքները լրատվամիջոցներին և հասարակությանը չեն ներկայացվում, բայց կգա ժամանակը, և բոլորը կիմանան, որ հենց այս երկու տարիների ընթացքում բավական լուրջ աշխատանք է տարվել, այլապես մենք կարող էինք ունենալ ավելի վատ փաստաթուղթ, նույնիսկ պարտադրանք, որ այդ փաստաթղթերը ստորագրվեն… Ուղղակի ՀՀ նախագահի անմիջական մասնակցությամբ պատրաստվել են լուրջ փաստաթղթեր, դրանք իրենց նշանակությունն ու դերը կատարել են»,- հայտարարեց Գ. Իսագուլյանը:










































