Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ այսօր որոշում կայացվեց Արթուր Գալստյանի գործով:
Ըստ մեղադրանքի՝ 38-ամյա Արթուր Գալստյանը 2013 թվականի սեպտեմբերի 6-ի կեսգիշերին, լինելով ալկոհոլ օգտագործած վիճակում, վիճաբանել է կնոջ հետ, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով ու փայտով հարվածներ է հասցրել ու կնոջ առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս:
Արթուր Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Գործը դատաքննության է նշանակվել 2014 թվականի փետրվարի 12-ին, սակայն ամբաստանյալ Գալստյանին ուղարկված ծանուցագիրը հետ է վերադարձվել՝ «Տեղափոխված է» գրառմամբ:
Դատարան ներկայացած վկա Սաթենիկը հայտնեց, որ ամբաստանյալն իր դստեր ամուսինն է, իսկ տուժողն իր դուստրն է: Վկան հայտարարեց, թե ամբաստանյալն ու տուժողը բացակայում են բնակության վայրից, գտնվում են Գյումրիում, բայց նրանց կոնկրետ հասցեն ինքը չգիտի:
Մեղադրող Գ. Ալոյանը միջնորդեց ամբաստանյալ Արթուր Գալստյանի նկատմամբ հայտարարել հետախուզում և խափանման միջոցը փոխել՝ չհեռանալու մասին ստորագրությունը փոխարինել կալանավորմամբ:
Դատարանը, հաշվի առնելով Գալստյանի արարքի վտանգավորության աստիճանը, այն, որ թաքնվում և խուսափում է պատասխանատվությունից, խոչընդոտում է քրեական գործի դատաքննությանը, նաև այն, որ նրան մեղսագրված հանցավոր արարքի համար ազատազրկման ձևով նախատեսված պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, բավարարեց մեղադրողի միջնորդությունը:
Արթուր Գալստյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում, նրա խափանման միջոցը դարձվեց կալանավորումը, իսկ քրեական գործի վարույթը կասեցվեց՝ մինչև ամբաստանյալին հայտնաբերելը:
Հայտնաբերվելուն պես Արթուր Գալստյանն անհապաղ կկալանավորվի ու կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ:







































