Նույնիսկ այն մարդիկ, որոնք շարունակաբար պնդում էին, թե «ծռերն» անմեղ են, երեկ շոկի մեջ էին այն ամենից, ինչ կատարվեց դատարանի դահլիճում։ «Սասնա ծռեր» խմբի անդամները ու նրանց կողմնակիցները երեկ դատարանում նվաստացրել են Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ու դժվար չէր նկատել, որ այս պարագայում խեղճացած ոստիկանապետն ընդամենը մարմնավորում էր իշխանությունը՝ իր վրա ընդունելով հնչած մեղադրանքները, սպառնալիքները։
Նիկոլ Փաշինյանն ու հեղափոխությունը հատուցում են իրենց պոպուլիզմի համար։ Հեղափոխության հաղթանակից հետո ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամները՝ բացառությամբ ոստիկանների սպանության մեջ մեղադրվող երկու անձանց, հայտնվեցին ազատության մեջ՝ խափանման միջոցի փոփոխության հետևանքով։ Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը պնդի, թե նոր իշխանությունը ազդեցություն չունի դատարանների վրա, ակնհայտ է, որ «ծռերն» ազատվեցին հենց իշխանության քաղաքական որոշման հետևանքով։ Ավելին՝ հետհեղափոխական Հայաստանում ձևավորվեց մի տխուր ավանդույթ, երբ «զանգով» արդարադատությանը փոխարինելու եկան հեղափոխությանը մոտ կանգնած պատգամավորների միջնորդությունները։
«Ծռերի» նկատմամբ դրսևորված «հումանիզմը» երկփեղկեց անգամ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին, որոնց մի ստվար հատվածը պնդում էր, որ «բաց ձեռքերով», խաղաղ հեղափոխությունն իրավունք չունի կոմպրոմիսի գնալու մարդկանց հետ, որոնք քաղաքականության մեջ խորթ չեն համարում բռնությունն ու ահաբեկչությունը։
Իհարկե, Ժիրայր Սեֆիլյանն ու նրա թիմը մի քանի անգամ հայտարարեցին, որ իրենց համարում են հեղափոխության թիկունքը ու փակված են համարում զինված պայքարի էջը, սակայն «Սասնա ծռեր» կուսակցության համագումարում ու դրանից հետո հնչած մի շարք ելույթներ խոսում էին հակառակի մասին, ինչի հետևանքով խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ վարչապետը ստիպված էր կոշտ հակադարձել Սեֆիլյանի թիմին։
Հասարակությունը շատ ավելի խոհեմ գտնվեց, քան իշխանությունը. խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Սասնա ծռերը» չհավաքեց անգամ երկու տոկոս քվե, ինչից հետո ավելի արմատական դարձավ նրա ղեկավարների հռետորաբանությունը, ինչի տրամաբանական կուլմինացիան դարձավ դատական երեկվա նիստը։
Երեկ դատարանի դահլիճում սպառնալիքներ են տեղացել ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հասցեին, որի ակնհայտ ճնշվածությունը բացահայտեց, թե ինչպիսի մեծ սխալ է գործել Նիկոլ Փաշինյանը՝ հետհեղափոխական առաջին շաբաթներին տուրք տալով պոպուլիզմին ու լեգիտիմացնելով «գիլյոտինային» հեղափոխության ջատագովներին։
Սակայն դատական երեկվա նիստում «ծրագրային» ելույթ է ունեցել զինված խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը։ Նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի ցուցմունքի ժամանակ նա զգուշացրել է. «Այն ժամանակ էլ ա բացատրվել Ձեզ, որ իշխանությունը յուրացված է եղել: Ոստիկանությունը համագործակցել է իշխանության հետ, խլել է մարդկային կյանքեր, խոշտանգելով սպանել է, հասցրել է ինքնասպանության, Երևանի փողոցներում գնդակահարել է տասնյակ քաղաքացիների: Եվ այդ պարագայում, եթե կրկնվի, մենք նույնպես սերժանտից մինչև գեներալ կպառկացնենք պոլին»:
Այս «մանիֆեստից» հետո յուրաքանչյուր բանական մարդ պարտավոր է պահանջել, որ օրենքի ամբողջ խստությամբ պատժվեն այն մարդիկ, ովքեր 2016-ի հուլիսին զինված հարձակվել են ՊՊԾ գնդի վրա՝ դառնալով երեք ոստիկանների մահվան պատճառ։ Հակառակ պարագայում «պոլին պառկացնելու» դրաման ունենալու է իր կրկնությունը՝ ավելի դաժան հետևանքով։
Լուսանկարը՝ Photolure-ի






































