«Ակնկալվում էր, որ Մարտի 1-ի գործը այսպիսի ծանր ընթացք կունենար»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը: -Նրա խոսքով՝ նախագահի կալանավորումն աննախադեպ իրադարձություն է. «Շատ կարևոր է, որ այսօր փաստաբանը նշել է, որ տեղի է ունեցել լիարժեք դատավարություն: Անհասկանալի էին մի քանի հայտարարություններ. շեշտվել էր, որ Ռ. Քոչարյանը պոստ ֆակտում է տեղեկացել մարտիմեկյան իրադարձությունների և 0038 հրամանի մասին»: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հավելեց. «Որպեսզի հանրությունը չկասկածի իրավապահ մարմինների անաչառությանը և չփորձի քաղաքական ենթատեքստ տեսնել, կարևոր է գործերի սեղմ ժամկետով քննություն իրականացնելը»:
Անդրադառնալով ԱԺ փոխնախագահի հայտարարությանը՝ ՀՀ օրհներգի հնարավոր փոփոխության մասին և դրա շուրջ զարգացումներին ու քննարկումներին՝ Գ. Աբրահամյանը շեշտեց, որ դա «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունը չէ և խմբակցության ներսում այդ հարցը չի քննարկվել: «Օրհներգի հարցը չպետք է դիտարկել գեղագիտության տիրույթում, սա հստակ քաղաքական խնդիր է»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ սխալ մոտեցում է Խորհրդային Հայաստանի հիմնին վերադառնալը: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ա. Սամսոնյանը հավելեց, որ սխալ մոտեցում է վերադարձնել նախկին համակարգի հիմնը, որն ունի այլ ոգի: Իսկ Գ. Պետրոսյանն ընդգծեց, որ շատ ավելի կարևոր հարցեր կան, քան հիմնի փոփոխությունը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ շատերի կարծիքով՝ եթե կառավարության կառուցվածքի փոփոխություններ պետք է լինեն, ապա դրանք պետք է վերաբերեն նաև ուժային կառույցներին, Գ. Աբրահամյանը նշեց, որ իր կարծիքով փոփոխություններն անհրաժեշտ են, քանի որ կառավարման համակարգն անարդյունավետ է և ուռճացված:
Ա. Սամսոնյանն ընդգծեց, որ ներկա իշխանությունն իր 2017թ. սկզբունքային դիրքորոշումից հետընթաց է ապրել: Նրա խոսքով՝ տարակարծություն չկար այն հարցում, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը, որպես ուժային կառույցներ, պետք է դառնան նախարարություն. «Իսկ թե ինչու հիմա կա, կարող են մեկնաբանել միայն իշխանությունները: Այն փաստարկը, որ վտանգ կա այդ կառույցները քաղաքականացնելու, հեղհեղուկ է և թույլ»:
«Խնդիրն այն չէ՝ կառույցները կլինեն վարչություն, թե նախարարություն կդառնան, պետք է լինեն սրտացավ մարդիկ, ովքեր կհասկանան այդ կառույցների առաքելությունը, ոչ թե ինքնահիացմամբ զբաղվեն ու սելֆիներ անեն և համարեն իրենց առաքելությունն ավարտված: Խոսքը պետական կառավարման ատյաններից նման մարդկանց մեկուսացնելու մասին է: Ոչ ոք իրավունք չունի մսխել հեղափոխության արդյունքները»,- նշեց Գ. Պետրոսյանը և անդրադառնալով պարգևավճարներին՝ ընդգծեց, որ Ն. Փաշինյանը ստիպված է ծածկել կուսակիցների մեղքերը:
Մանրամասն՝ տեսանյութում:






































