Լատինական Ամերիկայի 4 պետություններ` Մեքսիկան, Կոլումբիան, Չիլին և Պերուն, որոնք մտնում են Խաղաղօվկիանոսյան դաշինքի մեջ, արձանագրություն են ստորագրել միմյանց միջև առևտրի ժամանակ գրեթե բոլոր տուրքերը չեղյալ հայտարարելու մասին՝ հաղորդում է Ria Novosti-ն:
Փաստաթուղթը ստորագրվել է փետրվարի 10-ին` Կոլումբիայի Կարթահենե քաղաքում հանդիպման ժամանակ: Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նետոն այս համաձայնագիրն արդեն համարել է «ամենաինովացիոնը»` 1994-ին ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի միջև Հյուսիսամերիկյան առևտրի ազատ գոտու համաձայնագրի ստորագրումից ի վեր:
«Այն տարածաշրջանը, որի մեջ մտնում են Խաղաղօվկիանոսյան դաշինքի երկրները, մենք մտադիր ենք ավելի արտադրողական և մրցունակ դարձնել: Դա մեր երկրներին ավելի շատ աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն կտա, ավելի աշխույժ կդարձնի առևտուրը, ծառայությունները և մարդկանց տեղաշարժը»,- ասել է Պենյա Նետոն:
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը նշել է, որ Խաղաղօվկիանոսյան դաշինքը կդառնա լատինամերիկյան տնտեսության զարգացման «էլեկտրաքարշը»:






































