«Վերջին 20 տարիների ընթացքում ՀՀ ներքին իրավիճակը պայմանավորված է արտաքին ազդակներով: Երկխոսությունը ևս պայմանավորված է արտաքին ազդակներով»: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ միաժամանակ նկատելով, որ երկխոսությունը եղել է, կա ու կլինի: Այլ հարց է, թե ինչքան կբացվի, բայց դժվար փակվի:
Հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը ընտրություններից հետո կոալիցիա կձևավորեն, Կարեն Քոչարյանը արձագանքեց, որ դա ևս պայամանավորված է արտաքին ազդակներով:
Նա նաև բացառեց արտահերթ ընտրությունների հավանականությունը, բայց հերթական ընտրությունների արդյունքում խորհրդարանում լինելու շանսերը վերագրեց ՀՀԿ-ին, ՀԱԿ-ին և ԲՀԿ-ին. «Իսկ ՀՅԴ-ն շանսեր ունի խորհրդարան մտնելու, եթե ազգայնականները միավորվեն և ակտիվանան»:
Կարեն Քոչարյանը ՕԵԿ-ին չի տեսնում ոչ միայն կոալիցիայի կազմում, այլ որպես քաղաքական ուժ: «Ժառանգության»-ը ևս խորհրադարանում չի տեսնում։
Այն հարցին, թե այս տարիների ընթացքում որ ուժերն են իրենց էլեկտորատը կորցրել և թուլացրել, արձանագրեց, որ հիմնականում ՕԵԿ-ը և «Ժառանգություն»-ը:
Սակայն «Ժառանգություն»-ն ըստ նրա ՕԵԿ-ի չափ չի թուլացել, քանի որ ՕԵԿ-ը զրո է: Նրա խոսքով՝ թեև Րաֆֆի Հովհաննիսյանը 20 տարի է, ինչ ապրում է Հայաստանում, նրա մտածելակերպը Արևմտյան է: Իրեն այստեղ չեն հասկանում, իսկ ինքը՝ տեղացիներին. «Եթե սափրվելը և Ազատության հրապարակի ծոմապահությունը Արևմուտքում կանցներ, այստեղ չի անցնում, իսկ ներկա խորհրդարան նա անցավ իր բարևելու շնորհիվ: Բացի դա, մեծ դերակատարում ունեցավ այն հանգամանքը, որ նա հեռացված արտաքին գործերի նախարար էր, իսկ հեռացվածները միշտ սիրված են»:
ԲՀԿ-ի էլեկտորատն էլ, Կարեն Քոչարյանի համոզմամբ, սոցիալական է, ոչ թե քաղաքական և ընդդիմադիր. «Եթե հաշվի առնենք, որ սոցիալական վիճակը վատացել է, ապա ԲՀԿ-ի էլեկտորատը ավելացել է»:
Միաժամանակ նկատեց, որ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացված չէր և, եթե հաշվի առնենք նրա կողքին միավորված ուժերին, ապա պետք է ընդունենք, որ նրա էլեկտորատը մեծացել է:
Նա, թեև չբացառեց, որ ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը կամ, «Ազատ Դեմոկրատներ»-ը և «Ժառանգություն»-ը կմիանան, բայց միևնույն ժամանակ նշեց, որ չի հավատում, որ նման բան կլինի:
«Ազատ Դեմոկրտներ»-ին ևս չի տեսնում խորհրդարանում, քանի որ չնայած կայացած մարդիկ են հավաքվել, բայց նրանք դեռ ներկայանալի լիդեր չունեն, իսկ ընտրություններին մնացած 7-8 ամիսների ընթացքում այդ պարագայում 5 տոկոսի շեմը հաղթահարելը շատ դժվար է:
Ի դեպ, խոսելով Հայաստանի 3 նախագահների վարկանիշի մասին, նա նշեց, որ մեր մտածելակերպի համաձայն մենք առաջինը գնահատում ենք մարդկային հատկանիշները,ապա նոր պրոֆեսիոնալիզմը:Այդ առումով Սերժ Սարգսյանի վարկանիշը, համեմատած մյուս երկու նախագահների, ավելի բարձր է:
Ինչ վերբերում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, նա դա հավանական չհամարեց, քանի որ Ռոբերտ Քոչարյանը վարկանիշի խնդիր ունի: Նույնիսկ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն իրենց վարկանիշը չիջեցնելու համար նշում են, որ իրենք Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չունեն:
«Սակայն որքան էլ ասենք, որ Քոչարյանը քաղաքականության մեջ չկա նա մեդիայով իր ներկայությունը պահպանում է»: Ըստ Կարեն Քոչարյանի, որքան էլ ասեն, որ 2 –րդ լրատվականը Ռոբերտի սայթը չէ, հասկանալի է, որ դա այդպես չէ:
Անցում կատարելով հերթական ընտրություններին՝ Կարեն Քոչարյանը նշեց, որ չի կարող ասել, որ հերթական ընտրությունները ավելի լավն են լինելու, քանի որ կարող է լինել ավելի վատ:
«Իշխանությունն առհասարակ եթե տեսնում է, որ կորցնում է ամեն ինչ, նման պարագաներում փորձում է ամեն գնով վերարտադրվել»,- ավելացրեց քաղտեխնոլոգը:










































