«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը փորձել է «կուլ տալ» «Ալֆա ֆարմ» դեղատների ցանցը: Այսինքն` պատգամավորը ցանկացել է ինչ-որ կերպ դեղատների այս ցանցի գործունեությունը կասեցնել տալ, որպեսզի այդ ոլորտում ունենա մենաշնորհային կարգավիճակ: Բայց քանի որ «Ալֆա ֆարմում» ներդրումներ ունի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, պատգամավորին դա չի հաջողվել: Նա այդ ընկերության կողմից արժանացել է սուր դիմադրության և առայժմ հրաժարվել է իր այդ մտադրությունից:
Ի վերջո, նրան հասկանալի է դարձել, որ «Ալֆա ֆարմի» դեպքում ինքն անզոր է, քանի որ այդ ընկերության հետ կապ ունի միջազգային հզոր ֆինանսական կառույց: Եվ եթե փորձի ներքին շուկայում իր ճնշումներն ավելացնել, ապա այն կարող է վերածվել միջազգային սկանդալի:
Հիշեցնենք, որ Ս. Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությունն է իրականացնում դեղերի գերակշիռ մասի Հայաստան ներկրումը և իրացումը: Նա իր գործունեության վերջին տարիներին շարքից հանել է ոչ միայն լայն սպառման շատ այլ ապրանքներ ներկրողների և իրացնողների գործունեությունը, այլև դեղերի շուկայում գործող որոշ ընկերությունների: Երբ Ս. Ալեքսանյանը մուտք գործեց դեղի ներկրման ու իրացման շուկա, շատ ներկրողներ և իրացնողներ պարզապես սնանկացան ու փակվեցին: Մնացին հիմնականում «Ալֆա ֆարմը» և հատուկենտ այլ դեղատներ կամ ներկրողներ, որոնք պարզապես ունեն արտասահմանյան որոշակի դեղագործական ընկերությունների միակ ներկայացուցչի կարգավիճակ:
Խնդիրն այն է, որ Հայաստանում այս պատգամավորն ունի արտոնյալ կարգավիճակ` վայելում է իշխանությունների հովանավորությունը և մեծամասամբ գործում է ստվերում: Եվ այդ ստվերային հնարավորությունների արդյունքում ձևավորած ոչ մրցակցային պայմաններում նա կարողացավ շուկայից դուրս մղել դեղի բիզնեսով զբաղվող մեծ քանակությամբ մանր և միջին տնտեսվարողների: Այնպես, ինչպես իր հսկայական սուպերմարկետների ցանցի բացման արդյունքում հազարավոր փոքր ու միջին խանութներ փակվեցին: Պարզապես «Ալֆա ֆարմի» պարագայում իշխանություններն էլ հասկացել են, որ չի կարելի ոչ մրցակցային գործունեության արդյունքում այդ ընկերությանը ճնշել, քանի որ դա իսկապես կդառնա սկանդալ, որը դուրս կգա մեր երկրի սահմաններից:
Որոշ տեղեկությունների համաձայն` Ս. Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությունը երբեմն չգրանցված, նաև ժամկետանց դեղեր է ներկրում և իրացնում: Բացի այդ, պետպատվերի շրջանակներում գնվող դեղերի գերակշիռ մասը ձեռք է բերում այդ ընկերությունը: Այսինքն` Ս. Ալեքսանյանի դեղի բիզնեսը յուրաքանչյուր տարի ահռելի գումարներ է ստանում մեր երկրի պետբյուջեից: Իսկ դեղատների նրա ցանցը սփռված է ողջ Հայաստանում: «Նատալի ֆարմը» միայն Երևանում ունի 34 դեղատուն, իսկ ողջ Հայաստանում` մոտ 60 դեղատներ: Երբ այդ ընկերությունից դեղ է գնվում, դեղերի հետ տրվող պոլիէթիլենային տոպրակի վրա նշված են այդ ընկերության բազմաթիվ դեղատների հասցեները:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի








































