ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը փետրվարի 6-ին ԱԺ նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև օդային հաղորդակցության մասին» համաձայնագիրը՝ ստորագրված 2012-ի նոյեմբերի 29-ին՝ Երևան քաղաքում:
Համաձայնագիրը, որ ներկայացված է ԱԺ վավերացմանը, երկու երկրների միջև կանոնավոր օդային հաղորդակցության ձևավորման իրավական հիմք է հանդիսանալու, նպաստելու է երկու երկրների միջև տնտեսական և մշակութային հետագա կապերի զարգացմանը: Ըստ Մովսիսյանի՝ սահմանված երթուղիներում կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու համար կողմերը կարող են նշանակել մեկ կամ ավելի ավիաընկերություններ և կարող են ունենալ կետից կետ փոխադրվելու ազատության իրավունքներ, երկու կողմերի ավիացիոն իշխանությունների կողմից այդ երկրների համար ազատականությունը պետք է լինի առանձին քննարկման առարկա և հաստատվի:
«Յուրաքանչյուր երկրի ավիացիոն իշխանություն իրավունք ունի ստուգում իրականացնել այն կազմակերպություններում և այն փոխկապակցված ընկերություններում, որ թռիչքներ է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում: Տեղեկատվությունը փոխանակվում է, կազմվում են ցուցակներ, կա անգամ «սև ցուցակ», որի հիման վրա տվյալ ավիաընկերությանը նույնիսկ կարող են թույլ չտալ գնալ տվյալ երկիր»,- ասաց նա:
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին հետաքրքրում էր՝ սակագնային և թռիչքային ուղղությունների առումով ինչ նորություն կարող է ասել: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ևս հարց ուղղեց հիմնական զեկուցողին. «Կցանկանայի՝ «բաց երկինք» ծրագրի մասին մի քիչ ասեք՝ որ կառավարությունը որոշում որդեգրեց, ի՞նչ տվեց մեր ժողովրդին, մեր ազգաբնակչությանը, և ընդհանրապես՝ ի՞նչ է տվել այսօր, և ապագայում ի՞նչ ակնկալիքներ ունենք դրական առումով: Ինչպես ասեց պարոն Մարգարյանը, կլինի՞ տոմսերի գների էժանացում կամ ինչ-որ թռիչքների ավելացում, կխնդրեի մի քիչ մանրամասն ներկայացնեիք»: Մովսիսյանը նշեց, որ ուղղությունների և ավիաընկերությունների քանակի առումով իր պատասխանի թերի չլինելու համար ՕԵԿ պատգամավորին կուղարկի դրանք, քանի որ անընդհատ փոփոխվում են, սակայն նշեց, որ անգամ հաճախականությունները ցանկացած ժամանակահատվածում կարող է ուղարկել:
«Բաց երկնքի» քաղաքականությունն, ըստ Մովսիսյանի, ենթադրում է առավել մեծ ազատությունների տրամադրում փոխադրողներին, լինում են սահմանափակումներ՝ ավիաընկերությունների քանակի, թռիչքների քանակի և կետերի քանակի առումով, այսինքն՝ քաղաքների առումով, տվյալ պարագայում կառավարությունը որդեգրել է այդ երեք ուղղություններով ազատականության քաղաքականություն. Հայաստան և Հայաստանից թռիչքներ կարող են իրականացնել ցանկացած քանակությամբ ավիաընկերություններ, ցանկացած հաճախականությամբ և ցանկացած քաղաք: «Այս ազատություններով մենք հնարավորություն ենք ընձեռում ավելի մեծ մրցակցային դաշտում աշխատել, որը բերում է և ծառայությունների որակի ավելացման, և դրանց սակագների նվազեցման: Աշխարհում այս առումով կան փորձեր, որ դրական են, կան և ռիսկեր՝ շատ ավելի մեծ բյուջեով ընկերությունների հետ պայքարի, մրցակցության մեջ ենք մտնում: Սա է հիմնական ռիսկը: Սակայն ընդհանուր առումով՝ սակագների նվազում և որակի ավելացում է սպասվում»,- ասաց նա:











































