Եվրախորհրդարանը Եվրամիությանը և անդամ երկրներին կոչ է անում սկսել պատժամիջոցներ սահմանել ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների, օրենսդիրների և օլիգարխների դեմ, որոնք պատասխանատու են «Եվրամայդանում» ցուցարարների հանդեպ կոշտ միջոցների կիրառման և ակտիվիստների մահվան համար: Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, «Ուկրաինայի իրավիճակի մասին» համապատասխան բանաձևն ընդունվել է Եվրախորհրդարանում լիագումար նիստի ժամանակ:
«Եվրախորհրդարանը ԵՄ ինստիտուտներին, անդամ երկրներին կոչ է անում անհապաղ գործողություններ ձեռնարկել, այդ թվում՝ ուժեղացված դիվանագիտական ճնշում և անձնական նպատակաուղղված միջոցառումների, այցագրի, ակտիվների , անշարժ գույքի պատժամիջոցների նախապատրաստում՝ ընդդեմ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների, օրենսդիրների և նրանց բիզնես հովանավորների, որոնք պատասխանատու են կոշտ միջոցների կիրառման և ակտիվիստների մահվան համար, ինչպես նաև կոչ է անում ակտիվացնել ջանքերը, որպեսզի վերջ դրվեն փողերի լվացման և եվրոպական բանկերում ուկրաինական ընկերությունների և ուկրաինացի գործարարների կողմից հարկերը չվճարելու գործընթացները»,- ասվում է Ուկրաինայի հարցով բանաձևի նախագծում, որը մշակել են Եվրախորհրդարանի քաղաքական խմբերը:
Միևնույն ժամանակ Եվրախորհրդարանը մտադիր է ԱՄՆ-ին ԵՄ-ին, Արժույթի միջազգային հիմնադրամին, Եվրոպական ներդրումային բանկին առաջարկել շարունակել պատրաստել ֆինանսական աջակցության երկարաժամետ փաթեթ՝ օգնելու համար Ուկրաինային հաղթահարել վատացող ֆինանսական և սոցիալական իրավիճակը:
Բանաձևը բաղկացած է 22 կետից:








































